ԿրթությունՀայաստան

Հայտնի է, թե ինչու են ազատել Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրենին

Մայիսի 8-ին Երևանի Պուշկինի անվան դպրոցի ծնողները, աշակերտներն ու ուսուցիչները վաղ առավոտից ստորագրահավաք են իրականացնում։ Պատճառն այն է, որ դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանին աշխատանքից ազատել են։

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանել է իրավիճակը։ Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Նատալյա Ստեփանյանը երկրորդ անգամ չի հաղթահարել տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը։

Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մարտի 29-ին։ Ստեփանյանը մասնակցել է նոր մրցույթին, սակայն հարցազրույցի փուլը չի անցել։ Նախկին տնօրենը վիճարկել է արդյունքները, և այժմ ընթանում է բողոքարկման գործընթացը։

Նշենք, որ տնօրեն Նատալյա Ստեփանյանի համար ծնողները ստորագրահավաք են սկսել դպրոցում։ Դրան մասնակցել է ավելի քան 1000 աշակերտ։ Հավելենք, որ այսօր՝ ժամը 19։00-ին, ծնողները Տիգրան Ավինյանին և Ժաննա Անդրեասյանին հրավիրել են դպրոց քննարկման, որպեսզի հասկանան պատճառները։