ԿրթությունՀայաստան

Հաստատվել են 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի անվճար տեղերը

Կառավարությունը հաստատել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի անվճար ընդունելության տեղերը։ Որոշման համաձայն՝ ուսման վարձը ամբողջությամբ կփոխհատուցվի ուսանողական նպաստների ձևով՝ առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագրերում։

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ պետպատվերով նախատեսվում է ընդունել 1271 ուսանող։ Այժմ ավելացված են նաև 7 պահուստային տեղեր, որոնք անհրաժեշտության դեպքում կբաշխվեն մրցույթի արդյունքներով՝ հավասար միջին որակական գնահատական (ՄՈԳ) ունեցող կամ բարձր մրցութային միավորներ հավաքած դիմորդների միջև։

Ընդհանուր տեղերի մեջ մեծ շեշտադրվածություն ունի բնական, տեխնիկական և գյուղատնտեսական գիտությունների ոլորտը․

— Բնական գիտություններ՝ 220 տեղ (20.8%)
— Տեխնիկական գիտություններ՝ 221 տեղ (20.9%)
— Գյուղատնտեսական գիտություններ՝ 94 տեղ (8.9%)

Այս երեք ոլորտներին միասին հատկացվել է պետպատվերի 50.6%-ը։ Նոր ուսումնական տարում անվճար տեղերի ցանկը համալրվել է մի շարք նոր մասնագիտություններով ու կրթական ծրագրերով։ Մասնավորապես՝

— Ֆիզիկա՝ «Տեսական ֆիզիկա», «Օպտիկա», «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա»
— Աշխարհագրություն՝ «Ջրաօդերևութաբանություն»
— Միջազգային հարաբերություններ՝ «Ցեղասպանագիտություն»
— Զբոսաշրջություն՝ «Կրոնական զբոսաշրջություն»
— Իրավական ուսումնասիրություններ՝ «Միջազգային իրավունք»
— Մետալուրգիա՝ համանուն կրթական ծրագիր
— Գեոմատիկա՝ «Գեոդեզիա և կադաստր»
— Շինարարական ճարտարագիտություն՝ «Ջերմագազամատակարարում և օդափոխություն», «Ավտոճանապարհներ, կամուրջներ, թունելներ»
— Հոգեբանություն՝ «Գործնական հոգեբանություն»
— Իրավագիտություն՝ «Քրեական իրավունք և դատավարություն», «Գործարարական իրավունք»
— Քաղաքագիտություն՝ «Ազգային անվտանգություն», «Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն»
— Տեղեկատվական համակարգեր՝ համանուն կրթական ծրագիր
— Կենսաբանություն՝ «Կենսաբազմազանության ուսումնասիրություն և պահպանություն»