ԱշխարհՄշակույթՍփյուռք

Հայ հերոսը վերադառնում է Դոնի Ռոստով․ Ղուկաս Մադոյանի արձանը բացվել է համայնքի նախաձեռնությամբ

2025 թվականի մայիսի 6-ին Դոնի Ռոստովի Մադոյանի պողոտայում հանդիսավորությամբ բացվել է Խորհրդային Միության հերոս, գնդապետ-լեյտենանտ Ղուկաս Կարապետի Մադոյանի հուշարձանը։ Նախաձեռնությունն իրականացվել է «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքի ջանքերով՝ տեղական իշխանությունների և դաշնային պաշտոնյաների աջակցության պայմաններում։ Սա խորհրդանշական քայլ էր՝ վերհիշելու ու արժևորելու Հայ ժողովրդի ներդրումը Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակում, այն պայմաններում, երբ վերջին տարիներին այդ մասնակցության մասին հանրային հիշողությունը հաճախ ենթարկվում է մոռացության կամ միտումնավոր նսեմացման։

Հուշարձանի բացմանը ներկա էին Ռոստովի մարզի գործող նահանգապետի պաշտոնակատար Յուրի Սլյուսարը, Ռուսաստանի ազգությունների գործերի դաշնային գործակալության ղեկավար Իգոր Բարինովը, Ռոստովի քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը, Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Լևոն Մինասյանը, ինչպես նաև Ղուկաս Մադոյանի ընտանիքի անդամները՝ նրա թոռն ու ծոռը, ովքեր հատուկ այս առիթով ժամանել էին Երևանից։

Ղուկաս Մադոյանը եղել է 159-րդ հրաձգային բրիգադի 3-րդ գումարտակի հրամանատարը։ 1943 թվականի փետրվարի սկզբին՝ վեց օր շարունակ, նրա հրամանատարությամբ գործող բատալիոնը հերոսաբար պաշտպանել է Ռոստովի երկաթուղային կայարանի շրջակայքը՝ ճնշելով նացիստական բանակի տասնյակ հարձակումներ։ Այդ մարտերն իրենց նշանակությամբ բացառիկ էին՝ ռազմավարական հանգույցը պահպանելով՝ Մադոյանի հրամանատարությամբ կռվողները դարձան քաղաքի ամբողջական ազատագրման խարիսխը։ Այս սխրանքի համար Մադոյանը պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի կոչմամբ:

Պատերազմից հետո նա շարունակել է ծառայել հայրենիքին նաև քաղաքացիական պաշտոններում՝ զբաղեցնելով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության սոցապահովության նախարարի և խորհրդային այլ ղեկավար պաշտոններ, մինչ 1960-ականները։

Հուշարձանի տեղադրումը համայնքի կողմից ոչ միայն պատմական արդարության վերականգնում է, այլև նշանավոր օրինակ այն բանի, թե ինչպես է Սփյուռքում հնարավոր համատեղ ջանքերով պահպանել ազգային հիշողությունը՝ առանց անցյալի իդեալացման կամ ներկայի քաղաքական շահարկումների։ «Դոնի Նոր Նախիջևան» հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանի ղեկավարությամբ իրականացված այս նախաձեռնությունը փաստում է՝ նույնիսկ բարդ միջազգային ֆոնին հնարավոր է համախմբել համայնքը և պետական ու տեղական կառույցների աջակցությամբ բարձրաձայնել համահայկական պատմական ժառանգությունը։

Նշենք, որ սա համայնքի վերջին օրերին կազմակերպած երկրորդ խոշոր միջոցառումն էր՝ վկայող հայկական ներկայության շարունակական աշխուժացման մասին։

Սեդա Մարտոյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով