ՀայաստանՊատահար

Ուժեղ քամու հետևանքով Երևանում կրկին փոշու քանակը ավելացել է

Երևանում մայիսի 11-ին ուժեղ քամի է դիտվել, որի առավելագույն արագությունը հասել է 20 մ/վ։ Այս երևույթը պայմանավորված է եղել ամպրոպային գործունեությամբ, որն առաջացել է հենց քաղաքի տարածքում՝ ամպրոպային ամպում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի փոխանցմամբ՝ նմանատիպ քամիները կոչվում են փոթորկանքներ և ձևավորվում են ամպրոպային ամպի առաջնային և թիկունքային մասերում՝ օդի ջերմաստիճանի և մթնոլորտային ճնշման մեծ տարբերությունների հետևանքով։

Ուժեղ քամու պատճառով մայիսի 11-ին Երևանում մթնոլորտային օդում փոշու կոնցենտրացիան զգալիորեն բարձրացել է՝ հասնելով 0.589 մգ/մ³-ի, ինչը 3.9 անգամ գերազանցել է թույլատրելի սահմանը։ Բացի այդ՝ մայիսի 10-ին դիտված ցուցանիշից այն բարձր է եղել 6 անգամ։ Քաղաքի մյուս դիտարկման կետերում մեծ փոփոխություններ չեն եղել, իսկ փոշու կոնցենտրացիան եղել է թույլատրելի սահմաններում։

Փոշու քանակը մի փոքր նվազել է՝ դրան հաջորդած տեղումների շնորհիվ։ Չնայած «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի պարզաբանմանը՝ բնապահպանները նշում են, որ դրան նպաստել են նաև արդեն մի քանի տարի Երևանում տեղի ունեցող ծառահատումները։ Պաշտպանիչ անտառաշերտի փոխարեն լանջից իջնող հողը և փոշին էլ պտտվում են քաղաքի երկնքում՝ մարդկանց մոտ առաջացնելով սրտանոթային հիվանդություններ, շնչառական խանգարումներ, բրոնխիտ, աչքերի լորձաթաղանթի գրգռվածություն և այլն։