
Արցախում շարունակվում է հայկական հուշարձանների համակարգված ոչնչացումը
Ադրբեջանը շարունակում է վանդալիզմի գործողությունները Արցախում։ «Monument Watch» նախաձեռնության 2025 թվականի մայիսին հրապարակված զեկույցի համաձայն՝ ադրբեջանական կողմը վերջերս ավիրել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում տեղադրված Հայրենական Մեծ պատերազմին և Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանային համալիրը։ Ոչնչացվել են նաև 1941-1945 թվականների պատերազմում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանը, խաչքարն ու ազատամարտիկների պատկերաքանդակներով հուշապատը։
Նույն աղբյուրի տվյալներով՝ վերջին տարիներին Ադրբեջանը ոչնչացրել է նաև Շուշիում, Հադրութում, Գետավանում, Ուխտաձորում և Մեծ Թաղերում գտնվող մի շարք հուշակոթողներ։ Շուշիում ավերվել է Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Հադրութում ադրբեջանական զինծառայողները քանդել են զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրները։
Ոչնչացվել է Մեծ Թաղեր գյուղում ԽՍՀՄ ավիացիայի մարշալ Արմենակ Խանփերյանցի (Սերգեյ Խուդյակովի) կիսանդրին և «ՄԻԳ-17» կործանիչը, ինչպես նաև Ստեփանակերտում տեղադրված ծովակալ Իվան Իսակովի արձանը։