
Տավուշում նույնպես կրակոցներ են եղել․ Պաշտպանության նախարարությունը մեկնաբանել է իրավիճակը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Տավուշի մարզի սահմանային հատվածում երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին հայտնել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Անդրադառնալով վերջին օրերի լարվածությանը՝ նա նշել է, որ թիրախային կամ էական խախտումների պարագայում նախարարությունը հանդես է գալիս պաշտոնական հաղորդագրություններով, ուստի քաղաքացիներին հորդորել է հետևել ՊՆ-ի պաշտոնական աղբյուրներին։
Հիշեցնենք, որ լրագրող Ոսկան Սարգսյանը մայիսի 13-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ մայիսի 12-ի լույս 13-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից կրակոցներ են լսվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Մովսես գյուղում։ Նրա խոսքով՝ գիշերը լսված կրակահերթերը չեն ուղղվել գյուղի վրա, իսկ առավոտյան՝ ժամը 7:20-ից 7:40 ընկած ժամանակահատվածում, կրկին արձանագրվել են կրակոցներ, որոնց ձայնը հասել է անգամ Մովսեսից 16 կմ հեռավորությամբ գտնվող Բերդ քաղաք։
Սարգսյանը նշել է, որ վերջին շրջանում սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանական զինուժը կրակել է ոչ միայն գիշերային, այլև ցերեկային ժամերին։
Նշենք նաև, որ նման կրակոցներ հնչել են նաև Սյունիքի մարզի սահմանամերձ մի քանի բնակավայրերում։