
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը դադարեցնում է իր գործունեությունը Ադրբեջանում
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (UNICEF), որը տասնամյակներ շարունակ աջակցել է երեխաների իրավունքների պաշտպանությանը և զարգացմանն ամբողջ աշխարհում որոշում է կայացրել դադարեցնել իր գործունեությունը երկրում։
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Իրինա Մազուրը հայտարարել է, որ Ադրբեջանում կազմակերպության գրասենյակը փուլ առ փուլ կդադարեցնի իր գործունեությունն առաջիկա ամիսներին:
Ավելի վաղ Ադրբեջանում իրենց աշխատանքի դադարեցման մասին էին հայտարարել ՄԱԿ-ի մի շարք կազմակերպություններ՝ Բնակչության հիմնադրամը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակները և Զարգացման ծրագիրը:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը կարգադրություն էր ուղարկել կառավարությանը և արտաքին գործերի նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել միջազգային կազմակերպությունների գրասենյակները փակելու համար: Դրանց թվում էր նաև ՄԱԿ-ի չորս գրասենյակը:
Սա նշանակում է, որ միջազգային կազմակերպությունների գործունեության դադարեցումը պետական քաղաքականություն է, ոչ թե այդ կազմակերպությունների ինքնուրույն որոշում։ Այդպիսով՝ Ադրբեջանը փաստացի նահանջում է միջազգային համագործակցության մի շարք ուղղություններից։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կառավարությունը հայտարարել էր նաև, որ ցանկանում է դադարեցնել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գործունեությունը։