
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո իրենց մեկնաբանի կողմից հնչեցված մեկնաբանության համար։
«Kan 11» հեռուստաալիքի մեկնաբանը, անդրադառնալով Հայաստանի «Survivor» երգին, ուղիղ եթերում նշել էր.
Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (թարգամանաբար նշանակում է փրկված)՝ սա է մեր զգացողությունը այս երգը լսելուց հետո։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պահանջել է պաշտոնական պարզաբանում, որին ի պատասխան կորպորացիայի գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազը նամակով հայտնել է, որ մեկնաբանությունն ուղված է եղել միայն երգին և ոչ երկրի կամ հայ ժողովրդի դեմ, սակայն եթե այն որևէ կերպ վիրավորել է հայերին, իրենք անկեղծորեն ներողություն են հայցում։ Նա ընդգծել է, որ Իսրայելի և Հայաստանի պատվիրակությունների միջև առկա են ջերմ հարաբերություններ, և իսրայելական կողմը հաջողություն է մաղթում Պարգին եզրափակչում։
Իսրայելցի հաղորդավարը, ում խոսքերն առաջացրել էին վրդովմունք, ներողություն է խնդրել նաև իր անձնական հարթակում։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ 2025» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։