ՀայաստանՊատահար

119 մլն դրամի հափշտակություն ՀՀ բանկերից․ բացահայտվել է հանցավոր կազմակերպություն

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը տարբեր բանկերից խարդախությամբ հափշտակել է շուրջ 119 միլիոն դրամ։ Կազմակերպությունը ստեղծել և մինչև 2024 թվականի հունվարն ղեկավարել է Է.Ն.-ն, որի հիմնական նպատակը եղել է վարկային միջոցների յուրացումը։

Հանցավոր սխեմայի շրջանակում հիմնականում ազգությամբ հայ, բայց Վրաստանի քաղաքացիություն ունեցող անձինք դիմել են հայկական բանկեր՝ առանց վարկերը վերադարձնելու մտադրության։ Այնուհետև, վարկային միջոցները փոխանցվել են վարկառուների բանկային քարտերին կամ տրամադրվել են առձեռն, որից հետո Է.Ն.-ն վարկի գումարի 30-50 տոկոսը պահել է իրեն, իսկ մնացածը վերադարձրել վարկառուներին:

Նախաքննությամբ պարզվել է, որ գործունեության արդյունքում 33 անձանց կողմից վարկեր ստանալու արդյունքում վնասներ են կրել մի շարք բանկեր (ընդհանուր 119 մլն 236 հազար 568 դրամի չափով)։

Բացի դրանից, Է.Ն.-ն իրացրել է կեղծ անձնագրեր և վարորդական վկայականներ՝ օգտագործման նպատակով տրամադրելով դրանք վրացահայերին։

10 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հանցավոր կազմակերպություն ստեղծելու, խարդախության, փողերի լվացման և փաստաթղթերի կեղծման համար։

Հանցավոր կազմակերպության ղեկավարի և մասնակիցներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, իսկ մեկ այլ մասնակցի նկատմամբ՝ տնային կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է։