
Չեղարկվում է կենդանի խոզերի ներկրման սահմանափակումը՝ կանխելու համար մսի պակասը և գնաճը
Հայաստանում կենդանի խոզերի ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը կդադարեցվի։ Կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով ուժը կորցրած կճանաչվի 2024 թվականի նոյեմբերի 21-ի որոշումը։
Նախարարության հիմնավորմամբ՝ վերջին ամիսներին ռուսական ռուբլին արժևորվել է հայկական դրամի նկատմամբ մոտ 23.7 տոկոսով, ինչի պատճառով Ռուսաստանից կենդանի խոզերի ներկրումն ոչ շահավետ է դարձել։ Սա նվազեցրել է տնտեսվարողների հետաքրքրությունը կենդանի խոզերի ներկրման նկատմամբ։
Միաժամանակ, 2025 թվականի հունվարի դրությամբ խոզերի գլխաքանակը նվազել է ավելի քան 4600-ով, իսկ խոզամայրերինը՝ 1300-ով։ Արդյունքում, այս տարի Հայաստանում սպասվում է խոզի մսի արտադրության կրճատում՝ մոտ 1300 տոննայով։ Սա կարող է նշանակել, որ խոզի մսի գները առաջիկայում կարող են բարձրանալ։
Նախագծով նախատեսվում է վերացնել ներկրման սահմանափակումը, ինչը, ըստ կառավարության, կօգնի պահպանել խոզի մսի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը ներքին շուկայում և կանխել գների կտրուկ բարձրացումը։