
Հայաստանը 100 մլն դոլար կներդնի զբոսաշրջության զարգացման մեջ
Հայաստանը նախատեսում է 100 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարել զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ՝ Համաշխարհային բանկի հետ վարկային նոր համաձայնագրի շրջանակում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ սա կլինի շարունակությունը այն ծրագրի, որը վերջերս ավարտվեց Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ և որի ընթացքում զգալի ներդրումներ կատարվեցին զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման մեջ։
Մասնավորապես, Գորիսի համար կներդնենք, Եղեգիս ագրոկլաստերը կստեղծենք Եղեգիս համայնքում, Արենի գինու կլաստերը կստեղծենք, Գյումրու վրա մեծ ներդրումներ կիրականացնենք, Դիլիջանը, որպես առողջարանային կլաստեր, Ջերմուկի վրա շատ մեծ ներդրումներ ենք պատրաստվում անել, Ապարան կլաստերի վրա, Դվին կլաստերի վրա, և այսպես շարունակ, — նշել է նախարարը
Նախագծի նպատակն է զարգացնել Հայաստանի տարբեր շրջանների զբոսաշրջային և տնտեսական ներուժը, խթանել տեղական արտադրությունն ու զբաղվածությունը՝ միաժամանակ բարձրացնելով երկրի գրավչությունը միջազգային զբոսաշրջիկների համար։