ՀայաստանՍոցիալական

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների քաղաքացիության դիմումների թիվը հասել է 9,451-ի

Հայաստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց քաղաքացիություն ստանալու- գործընթացը շարունակվում է։ Մայիսի 20-ի դրությամբ՝ 9,451 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, որոնցից 8,315-ը արդեն ստացել են այն։

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիություն ստանալու անհրաժեշտություն ունեն միայն չափահաս անձինք։ Եթե ծնողներից մեկը ստացել է քաղաքացիություն, ապա անչափահաս երեխան ավտոմատ կերպով դառնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Այս ձևով արդեն ավելի քան 2,000 անչափահաս ստացել է Հայաստանի քաղաքացիություն։

Քաղաքացիություն ստանալու գործընթացը կարևոր է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերից օգտվելու համար քաղաքացիություն ունենալը պարտադիր պայման է։ Ծրագրի շրջանակում տրամադրվում են բնակարան ձեռք բերելու, անհատական տուն կառուցելու կամ հիփոթեքային վարկի մարման աջակցության հավաստագրեր։ Աջակցության չափը տարբեր բնակավայրերում տատանվում է՝ 3-ից 5 միլիոն դրամի սահմաններում։ 

Բացի այդ, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքները մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն։ Աջակցությունն ուղղված է այն ընտանիքներին, որոնց մեկ անդամի հաշվարկով ամսական եկամուտը չի գերազանցում 55,000 դրամը։ Աջակցության չափը սահմանվել է հետևյալ կերպ՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40,000 դրամ, սկսած երկրորդ և հաջորդ անդամներից՝ յուրաքանչյուրի համար՝ 10,000 դրամ։

Սեդա Մարտոյան