
«Երևանյան երկխոսություն»․ Երևանն առաջարկում է միաժամանակ ստորագրել երկու փաստաթուղթ
Հայաստանում մեկնարկել է «Երևանյան երկխոսություն–2025» միջազգային համաժողովը։ Դրան մասնակցում են Եվրամիության երկրների պաշտոնյաներ։ Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ևս մասնակցում է համաժողովին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովի բացման խոսքում վերահաստատեց Հայաստանի առաջարկը՝ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խմբի կառույցները լուծարելու նպատակով։
Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը։ Նա դրա մեջ նշում էր «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը (Ադրբեջանական իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան» է անվանում Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը)։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել էր, որ նման տարածք չկա Հայաստանում, Փաշինյանը վերահաստատեց գերատեսչության հայտարարությունը։
Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։
Համաժողովի բացմանը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ էթնիկ զտումները սոսկ հեռավոր պատմություն չեն․ դրանք այսօր էլ տեղի են ունենում, այդ թվում՝ Հայաստանի սահմանների մերձակայքում։
Անդրադառնալով համաշխարհային իրավիճակին՝ նախարարը նշեց, որ աշխարհը կանգնած է «սեյսմիկ փոփոխությունների» առաջ, և ներկայիս խառնաշփոթում շատ ազգեր կորցնում են կողմնացույցը։ Միրզոյանի խոսքով՝ Հայաստանը որդեգրել է հստակ ճանապարհ՝ փոխադարձ հարգանքի, ժողովրդավարության, համագործակցության և կայուն աճի վրա հիմնված զարգացման մոդել։
Մեր ռազմավարական առաջնահերթությունն է ստեղծել միջավայր, որտեղ քաղաքացիները կարող են զարգանալ։ Դա պետք է հիմնված լինի իրավունքի գերակայության և մարդկային կապիտալի զարգացման վրա,- ասաց նախարարը՝ շեշտելով, որ խաղաղությունը հեշտ չի տրվում, այն պահանջում է խիզախ դիվանագիտություն, փոխընբռնում և վստահության խորացում։
Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանը կողմ է հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքով։