
Ուղեղի ուռուցքները կարող են ախտորոշվել ընդամենը մի քանի ժամում
Բրիտանացի գիտնականները վերջին տարիների տեխնոլոգիական առաջընթացի շնորհիվ մշակել են մի նոր մեթոդ, որը կարող է էապես փոխել ուղեղի ուռուցքների ախտորոշման և բուժման ընթացքը։ Նրանք կիրառել են նանոփոր տեխնոլոգիա՝ մի նորարարություն, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում վերլուծել ԴՆԹ-ն՝ առանց ավանդական երկարատև լաբորատոր փորձաքննությունների։ Այս մեթոդի հիմքում փոքր անցքերով՝ նանոփորերով, ԴՆԹ-ի մոլեկուլների անցկացումն է, որի ընթացքում գրանցվում են էլեկտրական հոսանքի փոփոխությունները։ Այդ փոփոխությունները վերլուծելով՝ հնարավոր է պարզել գենետիկ և էպիգենետիկ շեղումները, որոնց միջոցով կարելի է տարբերակել ուռուցքի տեսակը և անգամ ուղիղ վիրահատարանում, մի քանի ժամվա ընթացքում որոշում կայացնել բուժման հաջորդ քայլերի վերաբերյալ։
Գիտափորձերի ընթացքում այս մեթոդը ցուցաբերել է ուշագրավ արդյունքներ՝ ընդամենը մեկ ժամում այն ճշգրիտ է դասակարգել նմուշների 76%-ը, իսկ 24 ժամում՝ 90%-ը։
Նոր մեթոդի առավելություններից են արագությունը, բարձր ճշգրտությունը և գենետիկ մակարդակում ուռուցքը ճանաչելու կարողությունը, ինչը հատկապես կարևոր է այն դեպքերում, երբ հիվանդության ընթացքը կարելի է զգալիորեն փոխել ժամանակին հայտնաբերմամբ։