
Հայաստանը 2024-ին չի փոխանցել անդամավճար ՀԱՊԿ-ին
Հայաստանը 2024 թվականին չի վճարել անդամավճար Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)՝ պայմանավորված կազմակերպության աշխատանքներին երկրի մասնակցության սառեցմամբ։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նախարարը նշեց, որ Հայաստանը անդամակցում է 110 միջազգային կազմակերպության և կոնվենցիայի։ Այդ տարի փոխանցումներ արվել են 101-ին։ Միրզոյանի խոսքով՝ միջազգային համագործակցության շրջանակում ընդհանուր ծախսվել է 1 մլրդ 613 մլն դրամ, իսկ դիվանագիտական ծառայությունների իրականացման նպատակով՝ 2.94 մլրդ դրամ։
«Երևանյան երկխոսություն» համաժողովի անցկացման համար 2024-ին տրամադրվել է 447 մլն դրամ, իսկ 2025-ին՝ արդեն երկրորդ անգամ անցկացված միջոցառմանը մասնակցել են 45-ից ավելի պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր շուրջ 600 մասնակիցով։
Բացի այդ, 88 մլն դրամ հատկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակին և Հնագույն քաղաքակրթությունների նախարարական հանդիպմանը նվիրված երկու միջազգային միջոցառումների կազմակերպմանը։