
Մի շարք պատմամշակութային օբյեկտներ հուշարձանի կարգավիճակ են ստացել
Հայաստանում 7 նոր պատմամշակութային օբյեկտ ստանում է հուշարձանի կարգավիճակ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թվականի երրորդ նիստի ընթացքում որոշում է կայացվել Արարատի և Լոռու մարզերում գտնվող մի շարք հնավայրեր և մշակութային արժեք ներկայացնող շինություններ ներառել հուշարձանների ցանկում։
Մասնավորապես, Արարատի մարզի Արարատ գյուղի տարածքում գտնվող երեք ամրոց-բնակատեղիները, որոնց հնագույն շերտերը թվագրվում են Ք.ա. V հազարամյակին, ճանաչվել են որպես հանրապետական նշանակության հուշարձաններ։ Նույն մարզի Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի միջնադարյան գյուղատեղիներն ընդգրկվել են տեղական նշանակության հուշարձանների ցուցակում։
Տեղական նշանակության հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Լոռու մարզի Ահնիձոր գյուղում գտնվող մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի երբեմնի բնակարանին։ Շինությունը կառուցվել է 19-րդ դարի վերջում։
Քննարկման օրակարգում եղել է նաև Կոտայքի մարզի Թղիթ ամրոցի օգտագործման հարցը։ Նախագծվում է այնտեղ հիմնել բազմաֆունկցիոնալ զբոսաշրջային համալիր՝ ներդրումային ծրագրի շրջանակում։