
Հայ կոնյակագործները աջակցություն կստանան պետությունից․ կառավարությունը ծրագրեր է մշակում
Հայկական կոնյակը, որը վաղուց դարձել է երկրի այցեքարտը, այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։ Արտահանման շուկաներում անհասկանալի խոչընդոտներ են առաջ գալիս, իսկ տեղական արտադրողները վնասներ են կրում՝ առանց հստակ պատճառների։
Ազգային ժողովում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտարարեց, որ կոնյակագործների խնդիրը բազմաշերտ է, իսկ պատճառները՝ դեռևս մշուշոտ։
Ես ինքս խնդիրը քննարկել եմ Վրաստանում՝ նրանց խորհրդարանում: Խնդիրը բազմաշերտ է: Այնպես չէ, որ հստակ կարելի է ասել, թե ում հետ է կապված կամ ինչ խնդրի հետ է կապված: Բայց հաստատ այնպես չէ, որ առանձին տնտեսվարողների հետ է կապված, համակարգային խնդիր է: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարցերը կբարձրաձայնվեն, — ընդգծեց Թունյանը։
Նրա խոսքով՝ Վրաստանի տարածքով տարանցիկ բեռների հետ կապված սահմանափակումներ կան, ինչը նույնպես ավելացնում է կոնյակագործների բեռը։ Թեև օրենսդրորեն Վրաստանը նման իրավունք ունի, անգամ մի քանի օրվա ուշացումը լուրջ հարված է գործարարների համար։
Իսկ ահա Էկոնոմիկայի նախարարությունը խոստանում է աջակցություն։ Թունյանը նշում է, որ որոշ քայլեր արդեն ձեռնարկվել են, սակայն դրանց արդյունավետությունը դեռևս անհայտ է։
Անկախ այդ ամեն ինչից, եթե շատ անկեղծ լինենք, տեղի արտադրողները նման խնդիրներից իրենց առավել քան ապահովագրելու համար պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն իրենց ապրանքների որակին, որովհետև, ցավոք սրտի, երբեմն դա դառնում է լծակ: Այստեղ գնացող ապրանքների մեջ որոշակի թերությունները մի քանի տարի կարող է չբարձրաձայնվեն, բայց ինչ-որ հարմար պահի, երբ պետք է, կարող է համակարգված արգելքի տեսքով արտահայտվեն, — ասաց նա։
Բացի դրանից, ներկայում շուկայում նկատվում է նաև արտաքին մրցակցության սրացում։ Իսկ տեղական արտադրողները հաճախ չունեն բավարար ռեսուրսներ՝ գլոբալ շուկաներում մրցելու համար։
Այս փուլում, թեև որոշակի աջակցություն խոստացվում է, հարցերի համակարգային բնույթը ցույց է տալիս, որ անհրաժեշտ են ավելի խորը բարեփոխումներ ու ռազմավարական մոտեցում կիրառել, որպեսզի հայկական կոնյակը չկորցնի իր դիրքերն արդեն գործող շուկաներում։