ՀայաստանՊատահար

Հուլիսի 1-ից ընտանեկան որոշ վեճերի համար հաշտարարին դիմելը կդառնա պարտադիր

Հուլիսի 1-ից ընտանեկան մի շարք վեճերի դեպքում քաղաքացիները պարտադիր պետք է դիմեն հաշտարարի։

Փոփոխությունների նպատակն է որոշ վեճեր լուծել դատական գործընթացից դուրս՝ նվազեցնելով դատական ծանրաբեռնվածությունը։

Վերջին երեք տարիներին՝ 2022, 2023 և 2024 թվականներին, տարեկան միջինում 2800–3000 ընտանեկան գործ է ուղարկվել դատարան։ Այսուհետ՝ դրանց զգալի մասը կլուծվի հաշտարարության միջոցով։

«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի իրավաբան Մարիա Պետրոսյանի փոխանցմամբ՝ պարտադիր հաշտարարության կարգին ենթակա կլինեն ընտանեկան միայն 7 տեսակի գործեր։ Դրանց շարքում ընդգրկված են ամուսնալուծության գործերը, երեխայի տեսակցության կարգի սահմանումը, ալիմենտի վերաբերյալ վեճերը։ Սակայն այն դեպքերը, որոնք ենթակա են պետական վերահսկողության՝ օրինակ ծնողական իրավունքներից զրկումը կամ որդեգրումը, դուրս են մնում պարտադիր հաշտարարության սահմաններից։

Իրավաբանի գնահատմամբ՝ այս բարեփոխումները միտված են ոչ միայն ընտանեկան վեճերում պարտադիր հաշտարարության ներդրմանը, այլև ընդհանուր առմամբ հաշտարարության ինստիտուտի կայացմանը Հայաստանի դատաիրավական համակարգում։

Մարիա Պետրոսյանի խոսքով՝ հաշտարարության կիրառումը կարող է նպաստել վեճերի արագ, արդյունավետ և երկկողմանի լուծմանը։ Նա նշում է, որ դատարաններում վեճերը հաճախ ունեն մրցակցային բնույթ, որտեղ կողմերը հակասում են միմյանց, և արդյունքում հաղթում է միայն մեկ կողմը։ Մինչդեռ հաշտարարության գործընթացում կողմերը ձգտում են փոխհամաձայնության։

Ապագայում հաշտարարության ինստիտուտը կարող է ընդգրկել ոչ միայն ընտանեկան, այլև քաղաքացիական և աշխատանքային բնույթի վեճեր։

Սեդա Մարտոյան