
Գառնին, Քարերի սիմֆոնիան և Երևանի ուրարտական ժառանգությունը կարող են դառնալ համաշխարհային ժառանգություն
Հայաստանը նախատեսում է ևս երեք արժեքավոր մշակութային օբյեկտ ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում։ Խոսքը Գառնու տաճարի, Քարերի սիմֆոնիայի և Երևանի ուրարտական ժառանգության մասին է։ Սրա մասին Ազգային ժողովում հայտնել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։
Նախարարի խոսքով՝ ներկայացված երկու նոր հայտերն արդեն անցել են նախնական գործընթացները, և առաջիկայում սպասվում է պաշտոնական հաստատում։ Գառնու տաճարը և Քարերի սիմֆոնիան ներառված են մեկ միասնական հայտում, մինչդեռ Երևանի ուրարտական ժառանգությունը ներկայացվում է առանձին։
Անդրեասյանը նշել է, որ վերջին 20 տարում սա առաջին դեպքն է, երբ Հայաստանը համակարգված աշխատանք է տանում համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման ուղղությամբ։
Նախարարը հիշեցրել է նաև, որ 29 տարվա ընդմիջումից հետո նախնական ցանկում արդեն իսկ ընդգրկվել է մեկ այլ կարևոր հուշարձան՝ Տիրին Կատարի վիշապաքարերը և հարակից մշակութային լանդշաֆտը։ Նրա խոսքով՝ սա վկայում է, որ ոլորտում կա առաջընթաց և միջազգային ճանաչման ձգտում։
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված են Հաղպատի վանքը, Սանահինի վանքը, Զվարթնոցը, Էջմիածնի Մայր Տաճարն ու Վաղարշապատի եկեղեցիները (Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Գայանե, Շողակաթ), Գեղարդի վանքն ու Ազատ գետի հովիտը։