
Շրջակա միջավայրի նախարարությունը սրսկում է սահմանամերձ անտառները դրոններով
Ազգային ժողովում 2024 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտնել է, որ ադրբեջանական զինուժի կողմից Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցի հարակից տարածքներում իրականացված շինարարական և ինժեներական աշխատանքները հանգեցրել են շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության։
Նրա խոսքով՝ ոչ միայն Շիկահողի, այլև տարբեր հատվածներում արձանագրվել են բնությանը հասցված վնասներ, որոնք կապված են անվտանգային և մի շարք այլ հարցերի հետ։ Սիմիդյանը նշել է, որ այս պահին հստակ քայլերի կամ վերականգնողական միջոցառումների մասին խոսել հնարավոր չէ։
Նախարարի տեղեկացմամբ՝ 2022 թվականի սեպտեմբերյան դեպքերից հետո բնապահպանական հաշվեգնահատում է իրականացվել Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։ Ստացված տվյալները ներկայացվել են նաև միջազգային հարթակներում Հայաստանի գործընկերներին։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է իրականացնել բնապահպանական ծրագրեր, ինչպես օրինակ՝ ծառերի սրսկում, Սիմիդյանը նշել է, որ 2024 թվականին այդ գործընթացը կազմակերպվել է դրոնների միջոցով, ինչը հնարավորություն է տվել հասնել սահմանամերձ տարածքներ և իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ առանց լրացուցիչ ռիսկեր ստեղծելու։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը Շիկահողի արգելոցում զանգվածային ծառահատումներ է իրականացրել` նոր դիրքեր և ճանապարհներ կառուցելու համար։