ՀայաստանՊատահար

Երեք բենզալցակայան ու գազի պահեստարան փակվել են հրդեհավտանգ խախտումների պատճառով

Երևանում, Վարդենիսում և Եղվարդում գործող երեք բենզալցակայան ու հեղուկ գազի պահեստարան դադարեցրել են աշխատանքը հրդեհային անվտանգության խախտումների պատճառով։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել Երևանում՝ Արին-Բերդի փողոց 10/16 հասցեում գործող «Յունիվերսալ Պրոջեքտ» ընկերության բենզալցակայանում և Վարդենիսում՝ Մյասնիկյան 21 հասցեում գտնվող «ՄակՎիչ» ընկերությանը պատկանող կայանում։ Երկու դեպքում էլ հայտնաբերվել են բազմաթիվ խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել հրդեհի և վտանգել մարդկանց կյանքը։ Այս բենզալցակայանների գործունեությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ տնտեսվարողները հետագայում ապամոնտաժել են տարածքները։

Բացի այդ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում ստուգումների արդյունքում պարզվել է, որ «Հայր և Որդի Հարոյաններ» ընկերությունը շահագործում է հեղուկ գազի պահեստարան՝ տեխնիկական և հրդեհային նորմերի լուրջ խախտումներով։ Հաշվի առնելով վտանգի մակարդակը՝ տնտեսվարողը կամավոր կերպով ապամոնտաժել է պահեստարանի տարողությունները։

Հրդեհային անվտանգության նորմերի խախտումը ոչ միայն վարչական կամ կազմակերպչական խնդիր է, այլև իրական սպառնալիք՝ մարդկանց կյանքի ու առողջության համար։ Դրա վկայությունն են 2024 թվականին տեղի ունեցած մի քանի պայթյուններ, որոնցից առավել աղմկոտը 2024թ․ հունիսին Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող գազալցակայանում արձանագրված դեպքն էր, երբ պայթյունի հետևանքով վիրավորվեց մի քանի քաղաքացի։ Մեկ այլ դեպք էլ գրանցվել էր Երևանում՝ Նոր Արեշի 34‑րդ փողոցում։ Հրդեհազերծման նորմերի կրկնակի խախտումների պատճառով երկու մարդ զոհվեց, երկուսն վիրավորվեցին և մի քանի շենքեր ավերվեցին։

Սեդա Մարտոյան