ՀայաստանՍոցիալական

Իրան-Իսրայելի լարվածության պատճառով Երևանից մի շարք չվերթներ են հետաձգվել և չեղարկվել

Մերձավոր Արևելքում սրված իրադրությունը ազդել է նաև Հայաստանի օդային հաղորդակցության վրա։ Իսրայելի՝ Իրանի դեմ իրականացրած ավիահարվածներից հետո և Իրանի կողմից օդային տարածքի փակման հետևանքով մի շարք միջազգային չվերթներ դեպի Երևան չեղարկվել կամ հետաձգվել են։ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաստատել է, որ այս պահին անժամկետ դադարեցվել են Երևանից դեպի Իսրայել, Իրան և ԱՄԷ բոլոր չվերթները։

«FlyOne» ավիաընկերությունը չեղարկել է Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ չվերթը։ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքի տվյալներով՝ չեղարկվել են նաև «Fly Dubai»-ի Դուբայ-Երևան-Դուբայ և «Wizz Air»-ի Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի չվերթերը։ Իսկ «Armenia Airways»-ի Թեհրան-Երևան-Թեհրան չվերթը հետաձգվել է։

Բացի այդ, Իրանի կողմից օդային տարածքի փակման պատճառով մի շարք միջազգային չվերթների ինքնաթիռներ, որոնք շարժվում էին դեպի Դուբայ կամ Շարժա, ստիպված վայրէջք են կատարել «Զվարթնոցում»՝ որպես ռեզերվային օդանավակայան։ Դրանց թվում են Բելգրադ-Դուբայ, Մինվոդի-Դուբայ և Կազան-Շարժա չվերթերը։