ՀայաստանՍնունդ

2025-ին Սևանա լճում կթույլատրվի 189 տոննա սիգի արդյունագործական որս

2025 թվականին Սևանա լճում սիգի արդյունագործական որսը շարունակվելու է. կառավարության նախագծով սահմանվել է առավելագույնը 189 տոննա սիգի որսի սահմանաչափ։ Իսկ խեցգետնի կամ այլ ձկնատեսակների որսի համար, ի տարբերություն նախորդ տարիների, չափաքանակ չի սահմանվել։

Սիգի որսը թույլատրվելու է լճի ամբողջ տարածքով՝ ափից ոչ պակաս, քան 500 մ հեռավորության վրա։ Սահմանվել են նաև հստակ արգելքներ որսի գործիքների վերաբերյալ․ օրինակ՝ արգելվում է օգտագործել նեյլոնե կամ այլ արհեստական մանրաթելերից պատրաստված ցանցեր, եթե դրանց թելի հաստությունը պակաս է 0.5 միլիմետրից, իսկ ցանցավանդակի չափը՝ 80 միլիմետրից։

Նշենք, որ տարիներ շարունակ Սևանի էկոհամակարգի նկատմամբ ուշադրությունը կենտրոնացած է եղել հատկապես սիգի վրա։ Այն համարվում է ինչպես տնտեսական, այնպես էլ բնապահպանական կարևորություն ունեցող տեսակ, որի պահպանությունն ու վերահսկումը դարձել են պետական քաղաքականության մաս։

Հիշեցնենք, որ այս տարի լիճ բաց կթողնվի 2 հազար կողակ ձկնատեսակ։