ՀայաստանՔաղաքականություն

Իրանը տարածաշրջանում չի շեղվի իր կարմիր գծերից. դեսպանը խոսել է Սյունիքում հնարավոր ագրեսիայի, հայ-իրանական ծրագրերի մասին

Իրանը չի շեղվի իր հռչակած կարմիր գծերից և պատրաստ է պաշտպանել իր դիրքորոշումները՝ տարածաշրջանային ցանկացած զարգացումների պարագայում։ Այս մասին հունիսի 17-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Սյունիքում Ադրբեջանի հնարավոր ագրեսիային և տարածաշրջանում անվտանգության աճող սպառնալիքներին։

Դեսպանը վստահեցրեց, որ Իրանը խաղաղության կողմնակից է, սակայն եթե պատերազմն իրեն պարտադրվի, պատրաստ է ամեն սցենարի։ Նա կոչ արեց չսրել իրավիճակը և ընդգծեց՝ «ծանր իրավիճակներում առավել հստակ են երևում բարեկամներն ու թշնամիները»։

Անդրադառնալով հայ-իրանական համագործակցությանը՝ հատկապես ենթակառուցվածքների ոլորտում, Սոբհանինը նշեց, որ ծրագրերը շարունակվելու են առանց դադարների։

Նրա խոսքով՝ տարածաշրջանի բոլոր երկրները շահագրգռված են խուսափել սրացումներից, քանի որ լարվածության աճը սպառնալիք է բոլորի անվտանգությանը։