
Ուրցաձորի նախկին համայնքապետը կալանավորվել է
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։
Հունիսի 16-ին Անդրեասյանը ձերբակալվել է, իսկ քննիչի միջնորդությամբ նրան կալանավորելու հարցով ներկայացված պահանջը բավարարվել է. նախկին համայնքապետը կալանավորվել է երկու ամսով։ Տեղեկությունը հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ կոմիտեի՝ Անդրեասյանի արարքները որակվել են ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ, և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական կեղծիք։
Թե կոնկրետ ինչ գործողությունների համար է Անդրեասյանին մեղադրանք առաջադրվել՝ այս պահի դրությամբ պաշտոնապես չի հաղորդվում։
Սա Անդրեասյանների ընտանիքի հետ կապված առաջին սկանդալը չէ։ Ռաֆիկ Անդրեասյանը աշխատանքից ազատվելուց հետո հրաժարվել էր հանձնել աշխատասենյակի բանալին, ավտոմեքենան և բերման ենթարկվել։ Դրանից հետո նրա որդին, դժգոհելով հորը ոստիկանության բաժին բերման ենթարկելու հանգամանքից, իր վարած «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայով դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ավտոմեքենայի առջևի մասով հարվածել Ոստիկանության ծառայողական «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի առջևի մասին, ապա իջնելով ավտոմեքենայից՝ սպառնացել ոստիկաններին՝ չենթարկվելով վերջիններիս օրինական պահանջներին: