
WhatsApp-ը սկսում է գովազդներ ցուցադրել՝ սկսելով Status բաժնից
Meta ընկերությունը հայտարարել է, որ շուտով WhatsApp-ի Status բաժնում գովազդներ կցուցադրվեն։ Դրանք կհայտնվեն մի քանի ստատուս դիտելուց հետո՝ Instagram-ի Stories հատվածի նման։
Ընկերության հաղորդմամբ՝ գովազդները կթիրախավորվեն օգտատերերի ընդհանուր տվյալների հիման վրա, ինչպիսիք են՝ գտնվելու վայրը և օգտագործվող լեզուն։ Meta-ն ընդգծում է, որ գովազդների համար չի կիրառվի անձնական տեղեկատվություն, այդ թվում՝ հաղորդագրությունների բովանդակություն կամ հեռախոսահամարներ։
Բացի այդ, օգտատերերն ու բիզնեսները կկարողանան գովազդել իրենց էջերը WhatsApp-ի որոնման հատվածում։ Որոշ բիզնեսներ և օգտատերեր կստանան հնարավորություն՝ առաջարկելու վճարովի բաժանորդագրություններ՝ բացառիկ թարմացումների հասանելիությամբ։ Վճարումները կիրականացվեն app store-ների միջոցով։
Meta-ի տվյալներով՝ WhatsApp-ի Status և Channels բաժինները օրական օգտագործում է ավելի քան 1.5 միլիարդ մարդ։ Ընկերության պրոդուկտի փոխնախագահի խոսքով՝ գովազդային այս հնարավորությունները «բնական զարգացում են» հավելվածի համար, որի նպատակն է ստեղծել եկամտի նոր աղբյուրներ՝ բիզնես գործիքներից դուրս։