ՀայաստանՍոցիալական

Արտակ Զեյնալյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի դատավոր

Ազգային ժողովը հունիսի 19-ին հաստատել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։ Նա ընտրվել է 67 կողմ, 0 դեմ ձայներով։

Արտակ Զեյնալյանը առաջադրվել էր որպես դատավորի թեկնածու այն բանից հետո, երբ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարական էր ներկայացրել՝ ընտրվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր 9-ամյա ժամկետով։

Դատավորի պաշտոնում առաջադրվելուց առաջ նա դադարեցրել էր իր անդամակցությունը «Հանրապետություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր էր դրել Երևանի ավագանու անդամի մանդատը։

Արտակ Զեյնալյանը իրավաբան է, նախկինում զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը։ Նա նաև տարիներ շարունակ զբաղվել է իրավապաշտպան գործունեությամբ և ներկայացրել բազմաթիվ գործեր Սահմանադրական դատարանում և ՄԻԵԴ-ում։

Արտակ Զեյնալյանը նշել է, որ Սահմանադրական դատարանի կուտակած ամբողջ իրավական բազան օգտագործելու է արհեստական բանականության մոդելներ զարգացնելու համար, որոնք կօգնեն արդարադատության արդյունավետությանն ու արդիականացմանը։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը Հայաստանում նշանակվում է 12 տարի ժամկետով։

Սեդա Մարտոյան