Նորաձևություն

Air Arabia-ն մինչև հունիսի 30-ը դադարեցրել է թռիչքները դեպի Հայաստան և մի շարք այլ երկրներ

Մերձավոր Արևելքում տիրող լարվածության և մի շարք երկրների օդային տարածքների փակման պատճառով Air Arabia ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները մի շարք ուղղություններով, այդ թվում՝ դեպի Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Իրաք, Ռուսաստան և Հորդանան։

Ըստ ընկերության՝ դեպի նշված երկրներ թռիչքները կասեցվել են մինչև 2025 թվականի հունիսի 30-ը ներառյալ, իսկ Հորդանանի դեպքում՝ մինչև հունիսի 20-ը։

Ընկերությունը նաև տեղեկացրել է, որ տարանցիկ երկրներ գնացող ուղևորները, որոնց վերջնական ուղղությունները նշված երկրներն են, այս ընթացքում չեն կարող մեկնել նույնիսկ Շարժայից կամ Աբու Դաբիից։

Բացի ուղիղ չվերթների դադարեցումից, մի շարք այլ թռիչքներ այս պահին փոխում են երթուղին կամ ուշանում են։

Ավիատոմս ձեռք բերած ուղևորներին խորհուրդ է տրվում կապ հաստատել վաճառքի կետերի հետ՝ հավելյալ տեղեկատվություն ստանալու կամ փոփոխություն կատարելու համար։