
Երևանում փակվել է շաուրմայի պատրաստման կետ՝ սանիտարական խախտումների պատճառով
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Սարգիս Առաքելյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ մի շարք խախտումների պատճառով։
Ստուգումը կատարվել է Երևանում՝ Գյուլբենկյան 35/2 հասցեում։ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից արձանագրվել են հետևյալ խախտումները.
— Շաուրմայի պատրաստման խոհանոցային հատվածը չի ապահովել մաքրման և ախտահանման պատշաճ հնարավորություններ։
— Սննդի արտադրական տարածքում բացակայել են բավարար քանակությամբ լվացարաններ, ինչպես նաև ձեռքերի լվացման, ախտահանման և չորացման հիգիենիկ սարքեր։ Հումքի և ձեռքերի լվացումը իրականացվել է նույն լվացարանի միջոցով։
— Պատուհաններին տեղադրված միջատասպան ցանցերը եղել են պատռված և կեղտոտ։
— Սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող սարքավորումներն ու գործիքները չեն մաքրվել պատշաճ կերպով, ինչպես նաև գտնվել են չնորոգված և անմաքուր վիճակում։
Տեսչական մարմինը կասեցրել է արտադրական գործունեությունը՝ մինչև խախտումների վերացումը։ Սահմանվել է ժամկետ՝ խնդիրների վերացման և օբյեկտի գործունեության հնարավոր վերականգնման համար։