Աշոցքի միգրացիոն ծառայության աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. գործը դատարանում է
Շիրակի մարզի Աշոցք համայնքի միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառք ստանալու և բնակչության հաշվառման գործընթացում թույլ տրված խախտումների համար։ Քրեական գործը, որն ընդգրկում է բազմաթիվ դրվագներ, արդեն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։
Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ԱԱԾ-ից ստացված նյութերի հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որԱշոցքի բաժնի պետը և նույն բաժնի աշխատակիցը, 2024 թվականի օգոստոսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում, ավելի քան 20 քաղաքացիներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ՝ վերջիններիս Շիրակի մարզի Աշոցք համայնքի տարբեր հասցեներում հաշվառելու համար։
Ըստ նախաքննության՝ քաղաքացիները փաստացի չեն բնակվել նշված հասցեներում, չի եղել համաձայնություն սեփականատերերի և հաշվառման ենթակա անձանց միջև, իսկ գրանցման գործընթացը կազմակերպվել է կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ։
Նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ինչպես ծառայության երկու պաշտոնյաների՝ ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի տարբեր մասերով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը), այնպես էլ կաշառք տված քաղաքացիներից մի քանիսի նկատմամբ։
Որպես խափանման միջոցներ՝ մեղադրյալների նկատմամբ կիրառվել են բացակայելու արգելք, գրավ և պաշտոնավարման կասեցում։
Գործը ներկայում գտնվում է հակակոռուպցիոն դատարանում։
