
Իրանի դեսպանը՝ հայ-իրանական սահմանին առաջացող խցանումների իրական պատճառների մասին
Իրանի դեսպան Մեհդի Սոբհանի հայտնել է, որ հայ-իրանական սահմանին ժամանակ առ ժամանակ առաջացող տրանսպորտային խցանումները բացառապես տեխնիկական բնույթի խնդիրներ են և որևէ քաղաքական կամ այլ պատճառներ չունեն։ Նա պարզաբանել է, որ սահմանային անցակետում մեծ թվով բեռնատարների ներկայությունը՝ որոշ դեպքերում մինչև 300 մեքենա միաժամանակ, տեխնիկական դժվարություններ է առաջացնում, ինչի հետևանքով էլ առաջանում են խցանումներ։
Դեսպանի խոսքով՝ նման իրավիճակներ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Իրանի կողմից են պայմանավորված, և երկու երկրների համապատասխան գերատեսչությունները մշտապես աշխատում են այս խնդիրները արագ լուծելու ուղղությամբ։ Սոբհանին ընդգծել է, որ Իրանի դիվանագիտական ծառայությունները ակտիվ համագործակցություն են ունենում Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ինչպես նաև պետական եկամուտների կոմիտեի հետ, որպեսզի հնարավորինս սահուն և դյուրին լինի տրանսպորտային շարժը սահմանային հատվածում։
Նա հավելել է, որ քանի որ այս հարցերը տեխնիկական բնույթի են, ապա դրանց լուծման համար տարբեր մեթոդներ ու քայլեր են ձեռնարկվում։
Ինչպես Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, այնպես էլ պետական եկամուտների կոմիտեի հետ կապի մեջ ենք, որպեսզի առավելագույնս կարողանանք դյուրացնել տրանսպորտային շարժը, և նման խնդիրներ չառաջանան։ Կարող են խնդիրներ լինել, սակայն դրանք չեն կարող որպես խոչընդոտ ներկայացվել: