ՀայաստանՏնտեսություն

Հայկական կոնյակ և ծիրան տեղափոխող բեռնատարները անցնում են Վերին Լարսով

Վերջին օրերին Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված մեքենաների շարժը դեպի Ռուսաստան ակտիվորեն շարունակվում է։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ՝ միայն հունիսի 27-ին Ռուսաստանի տարածք է մտել ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Բացի այդ, դեռ ճանապարհին է ծրանով բեռնված ևս 66 բեռնատար։

Ընդհանուր առմամբ հունիս ամսվա ընթացքում Ռուսաստան է արտահանվել 720 բեռնատար ծիրան։ Արտահանման գործընթացը շարունակվում է։

Ակտիվություն է նկատվում նաև հայկական կոնյակի արտահանման ուղղությամբ։ Պապոյանի հաղորդմամբ՝ վերջին երեք օրում վրացական Գեզի մաքսային կետից դուրս է եկել և Վերին Լարսով Ռուսաստան է շարժվել 69 բեռնատար, որոնք բեռնված են եղել հայկական կոնյակով։

Էկոնոմիկայի նախարարը նշել է, որ վրացական կողմի հետ աշխատանքները շարունակվում են արտահանման տեմպի ապահովման և արագացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին կոնյակ արտահանող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին անցկացրել Վրաստանի դեսպանատան մոտ՝ դժգոհելով, որ վրացական կողմը բեռները պահում է սահմանային տերմինալում։

Հունիսի 23-ին Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Վրաստանի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և նույն օրը Գեզի մաքսակետից բաց է թողնվել կոնյակով բեռնված 55 բեռնատար։ Նախատեսվում է առաջիկա շաբաթվա ընթացքում բաց թողնել ևս 72 բեռնատար, ապա՝ 24։