
Հայաստան–Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար նոր պահանջ է ուժի մեջ մտել
2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի և Վրաստանի միջև ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կարգավորման նոր պահանջը։ Այսուհետ նման փոխադրումները՝ ինչպես Հայաստանից Վրաստան, այնպես էլ հակառակ ուղղությամբ, պետք է իրականացվեն հատուկ հսկիչ փաստաթղթի՝ ուղևորների ցուցակի առկայությամբ։ Կարգավորումը վերաբերում է 6 և ավելի նստատեղ ունեցող այն տրանսպորտային միջոցներին, որոնք կոմերցիոն նպատակներ ունեն։ Այն չի վերաբերում սովորական քաղաքացիներին, որոնք անձնական մեքենայով հատում են սահմանը։
Հսկիչ փաստաթութղթը պարտադիր պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագիր օրինակը վարորդը իր հետ պետք է ունենա երթուղու ամբողջ ընքացքում։ Փաստաթղթի մեջ նշվելու են ուղևորների անուն-ազգանունները
Նոր կարգավորումը միտված է նաև կանխելու ապօրինի և չթույլատրված ուղևորափոխադրումները։ Միաժամանակ, վերջին ամիսներին աճել են բեռնափոխադրումների խոչընդոտները՝ Վրաստանի սահմանային անցակետերում փաստաթղթային պահանջների և ստուգումների խստացման հետևանքով։ Վրաստանի նման քաղաքականության արդյունքում հայկական բեռները օրերով մնում են անցակետերում։ Այդ խնդրներից խուսափելու համար կողմերը փորձում են համաձայնության գալ՝ նոր փաստաթղթերի ստորագրման ճանապարհով։ Սակայն այս փոփոխությունները կարող են ավելորդ գլխացավանք դառնալ մարդկանց համար։ Նախ՝ ուղևորափոխադրումներով հիմնականում զբաղվում են միջին և մեծ սերնդի անձինք, որոնց համար էլեկտրոնային փաստաթուղթ լրացնելը կարող է դժվար լինել, իսկ տեխնիկական խափանումների կամ թղթային տարբերակի բացակայության դեպքում կարող են կիրառվել մի շարք պատժամիջոցներ, որոնց մասին դեռևս չի խոսվում։
Նոր դրույթը բխում է «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետից։ Այն ուղղված է ուղևորափոխադրումների հսկողության և անվտանգության բարձրացմանը։