ՀայաստանՊատահար

Հայաստանում հրդեհների թիվը կտրուկ աճել է. մասնագետները ահազանգում են

2025 թվականի առաջին կիսամյակում բուսածածկ և խոտածածկ տարածքներում հրդեհների թիվը Հայաստանում զգալիորեն աճել է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ, փրկարար ծառայության գնդապետ Բագրատ Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ 2025 թվականի առաջին վեց ամիսներին հանրապետությունում գրանցվել է 2096 հրդեհ, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում՝ 787։ Այսինքն՝ հրդեհների թիվը աճել է գրեթե 3 անգամ։

Ըստ մասնագետների՝ հրդեհների զգալի մասը առաջացել է մարդկային անփութության հետևանքով։ Քաղաքացիները, որոնց գործողությունների պատճառով անտառում կամ այլ բնապահպանական տարածքում հրդեհ կբռնկվի, կկրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն՝ մինչև 200 հազար դրամի չափով վարչական տուգանք։

Նշենք, որ այս պահին ամենահրդեհավտանգ գոտիներից է Արարատի մարզը, որտեղ, ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։