ՀայաստանՍպորտ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձավ երկու մեդալով

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների հավաքականը երկու մեդալով է վերադարձել Իտալիայից։ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Գասպար և Սամվել Տերտերյան եղբայրները արժանացել են համապատասխանաբար արծաթե և բրոնզե մեդալների։

Գասպարը պայքարել է մինչև վերջ՝ հասնելով եզրափակիչ, որտեղ միավորների փոքր տարբերությամբ պարտվել է Վրաստանի ըմբիշին։ Իսկ մինչ այդ հաղթել է Հունաստանի, Հունգարիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին։

Սամվելը հասել է կիսաեզրափակիչ, իսկ հետո հաղթանակով նվաճել բրոնզե մեդալը՝ 8:0 հաշվով գերազանցելով Մոլդովայի ըմբիշին։

Հայաստանի թիմը մրցաշարի թիմային հաշվարկում զբաղեցրել է հինգերորդ տեղը։

Առաջիկայում գորգը կհանձնվի ազատ ոճի ըմբիշներին։

Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունը կավարտվի հուլիսի 6-ին։

Սեդա Մարտոյան