ՀայաստանՏնտեսություն

Իրանից լոլիկ ու կարտոֆիլ ներմուծելը կսահմանափակվի. կառավարությունը քվոտա է սահմանում

Կառավարությունը որոշել է 2025 թվականին սահմանափակել Իրանից Հայաստան ներկրվող մի շարք գյուղմթերքների քանակը։ Այժմ մի շարք ապրանքներ՝ կարտոֆիլը, լոլիկը, խձորը, կաղամբը, ծաղկակաղամբը, շաղգամակաղամբը, տերևակաղամբը, գազարը, շաղգամը, սեղանի ճակնդեղը, քոշմորուքը; արմատային նեխուրը, ամսական բողկը, վարունգները և նույնիսկ թռչնի միսը, կարելի կլինի ներմուծել միայն քվոտայով և հատուկ լիցենզիայով։

Որոշումն ընդունվել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի շրջանակում։ Կառավարությունը կսահմանի, թե ով և ինչքան ապրանք կարող է ներմուծել Իրանից։

Որոշման մեջ նաև նշվում է, որ ապրանքի ներմուծման թույլատրելի ծավալը բաշխվում է ըստ պատմական և ոչ պատմական գնորդների։ Իրանի հետ առևտրային փոխհարաբերությունները համարվում են պատմական` հաշվի առնելով վերջին 3 տարվա ընթացքում Իրանից ՀՀ տարածք ներմուծված տվյալ ապրանքի միջին ծավալը։

Քվոտաների 75 տոկոսը ստանալու են պատմական, 25 տոկոսը՝ ոչ պատմական գնորդները։