ՀայաստանՏնտեսություն

Հունիսին բենզինը և դիզվառելիքը էժանացել են

Հայաստանում 2025 թվականի հունիսին շարունակվել է վառելիքի գների նվազման միտումը։ Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ մայիսի համեմատ բենզինը էժանացել է 1 տոկոսով, իսկ դիզվառելիքը՝ 2.7 տոկոսով։

Տարվա սկզբից՝ դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 8 տոկոսով, դիզվառելիքինը՝ 5.9 տոկոսով։ Տարեկան կտրվածքով՝ այսինքն՝ 2024 թվականի հունիսի համեմատ, էժանացումն ավելի զգալի է․ բենզինը՝ 7.6 տոկոսով, դիզվառելիքը՝ 10.9 տոկոսով։

Ըստ GlobalPetrolPrices.com կայքի՝ հունիսի վերջին Հայաստանում 95 տեսակ բենզինը վաճառվում էր մոտ 510 դրամով, իսկ դիզվառելիքը՝ 500 դրամով մեկ լիտրի դիմաց։

Տնտեսագետների գնահատմամբ՝ գների նվազման վրա ազդել են մի շարք գործոններ՝ միջազգային շուկայում նավթի գնանկում, դրամի համեմատաբար կայուն փոխարժեք։

Ավելի վաղ՝ մայիսի 27-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ Ազգային ժողովում արձագաքնելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչու է բենզինի գինն ԱՊՀ և ԵԱՏՄ բոլոր երկրների համեմատությամբ ամենաթանկը Հայաստանում, պատասխանեց, որ այժմ Հայաստանը բենզինը ներմուծում է Եվրոպական միությունից։

Հիշեցնենք, որ մարտին բենզինը թանկացել էր, դիզվառելիքը՝ էժանացել։