
2026-ից քաղաքացիություն ստանալը կդառնա առցանց. նոր համակարգ՝ ՆԳՆ-ից
Հայաստանի հանրապետության քաղաքացիություն ստանալու ձևաչափը 2026 թվականից կարող է փոխվել։ Այն կարող է դառնալ թվային տարբերակով։ Գալիք տարվա հունվարի 1-ից Հայաստանում քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու ծառայությունները կմատուցվեն նոր թվային համակարգի միջոցով։ Սրա մասին այտնում է Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։
Սա հնարավոր է դարձել «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում 2025 թվականի հունվարի 22-ին ընդունված փոփոխությունների շնորհիվ։ Նշվում է, որ քաղաքացիության դիմումները նախնական կքննարկվեն էլեկտրոնային եղանակով։ Դրանից հետո քաղաքացիները կկարողանան գրանցվել առցանց հերթում՝ դիմում ներկայացնելու համար։
Հիշեցնենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին Կառավարության նիստում հավանություն ստացավ քաղաքացիության ստանալու ու հրաժարվելու տուրքերի փոփոխությունը։ 1997 թվականից փոփոխության չենթարկված տուրքերը բարձրացել են։ Մինչ այս քաղաքացիություն ստանալու համար նախկինում 1000 դրամի փոխարեն տուրքը կդառնա 50․000 դրամ։ Քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը նախկինում 25․000 դրամի փոխարեն սահմանվել է 150․000 դրամ։
Բացի այդ՝ Հայաստանում 2026 թվականի երկրորդ կիսամյակից կսկսվի նոր նմուշի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը։ Փաստաթղթերը կունենան նոր դիզայն, գույն և կպատասխանեն անվտանգության բարձր չափանիշներին։ Թե ինչ գույն կունենան նոր կենսաչափական անձնագրերը, դեռ հայտնի չէ: Սակայն, նախարարի խոսքով, կան գույներ, որոնք անվտանգային առումով նախընտրելի չեն, օրինակ՝ սևը: