
Վադիմ Արությունովը՝ ադրբեջանական քարոզչության դեմ․ Բաքվի ջարդերից մինչև գաղափարական պայքար
Amnews-ը բացառիկ հարցազրույց է ունեցել հայտնի բլոգեր, լրագրող, «Հայկական հետք» հաղորդաշարի և «Անտիտապոր» նախագծի հեղինակ Վադիմ Արությունովի հետ։ Նա մեզ հետ խոսել է իր անցած ճանապարհի, դիրքորոշումների, տեղեկատվական պայքարի և այլնի մասին։
Մի փոքր պատմեք Ձեր մանկության մասին։ Որտե՞ղ է այն անցել, ի՞նչ հետաքրքիր հիշողություններ ունեք։
Ես ծնվել եմ Բաքվում։ Իմ մանկությունն էլ, համապատասխանաբար, այնտեղ է անցել՝ Բաքվում։ Այն ժամանակ դեռ դպրոցում էի սովորում։ Երբ քաղաքում սկսվեցին այն իրադարձությունները, ես 12 տարեկան էի։ Պետք էր հեռանալ։ Այսպես, կարելի է ասել, մանկությունս կեսով անցավ Բաքվում, իսկ մնացած կեսը՝ արդեն Ադրբեջանի սահմաններից դուրս։
Մենք տեղափոխվեցինք Ղազախստան։ Ապրեցինք այնտեղ, ես էլ այնտեղ ավարտեցի դպրոցը։ Հետո մեկնեցի Մոսկվա՝ ընդունվելու Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (արևելագիտության բաժին)։ Ավարտեցի այն։
Քիչ աշխատեցի՝ և՛ Հնդկաստանում, և՛ Պակիստանում։ Բայց ոչ որպես արևելագետ, այլ լրագրողական գծով՝ որպես թղթակից։ Հետո աշխատանքի անցա «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում, ապա նորից վերադարձա Ղազախստան։ Այդ ժամանակ որոշ ժամանակով թողեցի լրագրությունը։ Ղազախստան վերադառնալով՝ սկսեցի աշխատել որպես ուսուցիչ։ Պատմություն էի դասավանդում։ Ուսուցչուհին գնացել էր մայրության արձակուրդ, պատմության մասնագետ չկար, և ինձ խնդրեցին օգնել։ Այդ ժամանակ էլ հենց հեռացել էի լրագրությունից, ու համաձայնեցի։ Աշխատեցի՝ մոտ չորս տարի։ Հետո նորից վերադարձա հեռուստատեսություն։ Ինձ նշանակեցին թղթակից Ռոստովում։ Այդպես էլ մնացի Ռոստովում։
Ձեր ընտանիքը 1989-ին ստիպված լքել է Բաքուն։ Ի՞նչ հիշողություններ ունեք այդ ծանր շրջանից։
Բանն այն է, որ այնտեղ անցել է միայն իմ մանկությունը։ Իսկ մանկությունը միշտ էլ լավն է։ Բաքվում էլ այն լավն էր… մինչև այդ ամենը չսկսվեց։ Այդ բոլոր հայկական ջարդերը ես շատ լավ եմ հիշում, առավել ևս, որ մեր ընտանիքը այնտեղ ողբերգություն է ապրել․ այնտեղ է զոհվել իմ հայրը։ Այդ ժամանակ հարձակվողների ձեռքին դեռ ո՛չ ավտոմատներ կային, ո՛չ էլ գնդացիրներ։ Ուղղակի՝ ոստիկանությունից (միլիցիայից) իմանում էին՝ որ բնակարանում են ապրում հայերը, գնում էին այնտեղ, քարերով կոտրում էին պատուհանները, սպառնում։ Ոմանք ավելի բախտավոր գտնվեցին, ոմանք՝ ոչ։
Մեր պատուհաններին էլ էին քարեր նետում, հատկապես երբ տեսնում էին՝ լույս է երևում։ Այդպես նրանք փորձում էին մեզ վախեցնել։ Նրանք հասկացնում էին՝ հայերն այստեղ անելիք չունեն, պետք է հեռանան։ Պատերին ինչ ասես չէին գրում, խաչեր էին նկարում, գրում՝ «Վազգեն Առաջին»։ Պապս, օրինակ, չգիտեր՝ ով է Վազգեն Առաջինը կաթողիկոսը, նախ՝ որովհետև կոմունիստ էր, հետո էլ՝ որովհետև Խորհրդային Միությունում կրոնը հեռու էր մարդկանց առօրյա կյանքից։ Եվ ահա՝ պապս առաջին անգամ այդ անունը լսեց, երբ փողոցում տեսավ մահացող շուն։ Շան փորի վրա խաչ էր այրված, իսկ կողքին գրված էր՝ «Վազգեն Առաջին»։
Անկեղծ ասած՝ ես էլ առաջին անգամ այդ անունը լսեցի նույն կերպ` մահացող շան փորի վրայից։ Ես երեխա էի, ու որտեղից պիտի իմանայի՝ ով է Վազգեն Առաջինը։ Մինչ այսօր այդ մանկության հիշողությունը մնացել է։ Այդ անունը ինձ մոտ կապվում է շան հետ, որ մահանում էր։
Դրական հիշողություններ էլ են եղել։ Մինչ այդ ադրբեջանցիներ էին գալիս մեր տուն հյուր, մենք էլ գնում էինք նրանց տուն։ Մայրս ադրբեջանցի ընկերուհիներ ուներ, հայրս՝ ադրբեջանցի ընկերներ։
Բայց ջարդերի ժամանակ կային նաև ադրբեջանցիներ, որոնք օգնում էին հայերին փախչել։ Իհարկե, փրկության դիմաց մենք էլ ինչ-որ բան թողնում էինք՝ ոմանք մեքենան, ոմանք՝ բնակարանը։ Նրանք օգնում էին մեզ, մենք էլ օգնում էինք՝ ինչով կարող էինք՝ նյութական բաներով։ Այդպես շատ մարդիկ կարողացան փրկվել ու հեռանալ այնտեղից։
Ձեր ծնողները ինչպե՞ս են ազդել Ձեր աշխարհընկալման վրա։ Ինչպիսի՞ միջավայրում է ձևավորվել փոքրիկ Վադիմը։
Ինձ թվում է՝ ծնողներս առանձնապես չեն ազդել իմ աշխարհընկալման վրա։ Նախ՝ ես շուտ կորցրեցի հորս, իսկ մայրս մնաց երիտասարդ այրի։ Նա ամբողջ օրը աշխատում էր՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո, որպեսզի ես հնարավորություն ունենայի սովորել։
Իսկ ի՞նչն է ազդել իմ աշխարհընկալման վրա։ Ես միշտ սիրել եմ գիրք կարդալ՝ հատկապես արկածային գրականություն։ Շատ էի սիրում Ժյուլ Վեռնին՝ նրա մոտ շատ արկածներ կան, ճանապարհորդություններ ու ամեն ինչ։ Մանկուց շատ էի սիրում աշխարհագրություն։ Բաքվում, հետո՝ արդեն տեղափոխությունից հետո, իմ անկողնու վերևում աշխարհի քարտեզ էր կախված։ Հաճախ էի նայում այդ քարտեզին ու երազում, որ մի օր կայցելեմ այդ բոլոր գունավոր երկրները։ Արդեն մանկուց գիտեի աշխարհի բոլոր մայրաքաղաքները՝ նույնիսկ Օվկիանիայի, Աֆրիկայի կամ Կարիբյան կղզիների ամենափոքր պետությունների մայրաքաղաքները։
Հետո, երբ 2014 թվականին վերջնականապես կտրեցի կապերս լրագրության հետ, սկսեցի ավելի շատ ճամփորդել։ 2015 թվականին եղա Սիրիայում՝ այնտեղ մի քանի հայկական թաղամասեր ազատագրվել էին, Դամասկոսում և այլ վայրերում։ Զարմացա՝ տեսնելով, որ այնտեղ իսկապես կան հայկական թաղամասեր, մինչդեռ նախկինում շատ ուշադրություն չէի էլ դարձրել այդ փաստին։
Շատ եմ ճամփորդել, բայց սկզբում հայկական կետերը ինձ առանձնապես չէին հետաքրքրում։ Հետո մտածեցի՝ միգուցե ավելի լավ ու հետաքրքիր կլինի ոչ թե պարզապես աշխարհով մեկ շրջել, այլ ուսումնասիրել հայկական աշխարհը։ Քանի որ տարբեր երկրներում կան հայ հերոսներ, որոնց մասին մենք չենք էլ լսել։ Եվ միաժամանակ՝ նրանք էլ գրեթե ոչինչ չեն լսել մեր հերոսների մասին։ Ես հավաքում եմ այդ ամբողջ տեղեկությունները՝ հատ-հատ։ Իմ գրքի առաջին հատորը («Записки странствующего армянина») արդեն տպագրվել է, կես տարի հետո կլինի երկրորդ հատորը և այդպես շարունակ։
Ինչպե՞ս եք որոշում, թե հաջորդիվ ո՞ր քաղաքն եք այցելելու։
Տեսեք, նույնիսկ դժվար է պատասխանել՝ ինչպես եմ որոշում, թե հաջորդ անգամ որ քաղաքը այցելեմ։ Պարզապես նայում եմ քարտեզին։ Օրինակ, նայեցի Հյուսիսային Ամերիկային։ Ասում եմ ինքս ինձ՝ եղել եմ Կանադայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում, իսկ հետո՝ գուցե… Գվատեմալա, Սալվադոր, Պանամա՝ ամենուր եղել եմ։
Հիմա մնացել են երկու պետություններ՝ Նիկարագուան ու Կոստա Ռիկան։ Գիտեմ, որ Նիկարագուայում կա չորս «Հայաստան», իսկ Կոստա Ռիկայում՝ երկու «Հայաստան»։ Ես եղել եմ աշխարհում բոլոր «Հայաստաններում», որոնք կան տարբեր երկրներում, բայց Նիկարագուա ու Կոստա Ռիկա դեռ չեմ այցելել։ Շուտով պատրաստվում եմ այնտեղ գնալ։ Սա է իմ ընդհանուր մոտեցումը։
Բազմաթիվ երկրներով եք շրջել։ Ամենաշատը ո՞ր երկիրն է Ձեզ գրավել և ինչո՞ւ։
Գիտեք, կար մի ամերիկացի ճանապարհորդ, շատ ծեր մարդ։ Լրագրողը նրան նույն հարցն է տվել՝ «Ո՞ր երկիրն է ձեզ առավել տպավորել, ի՞նչ է մնացել հիշողության մեջ»։ Այն ժամանակ չէի հասկանում, թե ինչ նկատի ուներ, բայց հիմա հասկանում եմ։ Նա ասել է՝ «Ինձ տպավորել են բոլոր երկրները, որովհետև յուրաքանչյուրի մեջ կա յուրահատուկ առանձնահատկություն, կան լավ և վատ կողմեր։ Բայց ես եզրակացրել եմ՝ կան հարուստ երկրներ, կան աղքատ երկրներ, և կան Ճապոնիան ու Արգենտինան»։ Ահա այդպես էլ պատասխանեց։ Եվ ես հիմա կարող եմ նույնն ասել։ Կան հարուստ երկրներ, աղքատ երկրներ, և կան Ճապոնիան ու Արգենտինան։
Ինչու՞ նա այդպես ասաց։ Ճապոնիայի մասին պարզ է՝ կարծես Մարսն է։ Մարդիկ ապրում են իրենց աշխարհում։ Մի բան էլ՝ ճապոնացիները և հայերը շատ բաներով են համընկնում։ Նրանք շատ ազգայնամոլ են, էթնիկապես փակ են, ինչպես հայերը։ Նրանք ունեն մոնոէթնիկ պետություն, ինչպես մենք։ Ունեն սուրբ Ֆուջի լեռը, ինչպես մենք ունենք Արարատը։Բայց ինչու՞ ասաց Արգենտինան։ Ես այդ երկիրը այլ կերպ եմ ընկալում։ Արգենտինան առանձնացված է, այլ է, շատ հեռու է Եվրոպայից ու աշխարհից։ Նրանք ունեն գեղեցիկ բնություն։ Այնտեղ կան արկտիկական ու ենթարկտիկական գոտիներ, շատ մեծ երկիր է, մարդիկ էլ գեղեցիկ են։ Բնակչությունը խառն է՝ գրեթե 60%-ը իտալական ծագում ունեն։ Բոլորը ապրում են խաղաղ։ Շատ են հայկական կազմակերպությունները։ Բուենոս Այրես քաղաքի կենտրոնում կա Պալերմո կոչվող թաղամաս, որը հիմնականում հայկական է։ Կա հայկական այգի ու զբոսայգի, կոչվում են հայկական ներգաղթյալների անունով։ Թաղամասում կան մի քանի եկեղեցի՝ կաթոլիկական ու առաքելական։ Շատ հայկական ուսումնական հաստատություններ, հայկական թատրոն, ծերանոց։ Փաստորեն Պալերմո թաղամասի գրեթե ամեն ինչը կապված է հայ համայնքի հետ։ Ընդհանուր առմամբ երկիրը շատ հարմարավետ և ազատամիտ է։ Դա այն երկրներից է, որտեղ ինձ ամեն ինչ շատ է դուր եկել։
Ուրեմն, ձեր հարցին պատասխանելիս ես կասեմ՝ Արգենտինան։
Ինչպե՞ս ծնվեց «Անտիտապոր» նախագիծը։ Ի՞նչ էր դրդապատճառը։
Բլոգեր դարձա լիովին պատահական։ АНТИТОПОР ալիքն էլ ստեղծվեց պատահաբար։ Ընկերներս ինձ էջ բացեցին «ВКонтакте»-ում, ես էլ անգամ չգիտեի՝ ինչ է դա։ Սկսեցի կարդալ լուրեր, մեկնաբանություններ, քննարկումներ։ Մի օր մի վեճի մեջ մտա, այնտեղ քննարկում էին՝ արդյոք հայերը կովկասցի են, թե ոչ։ Մտածեցի՝ էհ, մի քիչ էլ գիտունիկություն անեմ՝ վերջապես արևելագետ եմ։ Սկսեցի պատմել, որ հայերը կովկասցի չեն, որ Հայաստանը Հայկական լեռնաշխարհ է, ոչ թե Կովկաս։ Ու այդ ժամանակ ինձ վրա սկսեցին հարձակվել՝ թե իբր ոչինչ չեմ հասկանում, այս եմ, այն եմ։
Հենց այդ ժամանակ որոշեցի տեսանյութ նկարել։ Իմ առաջին չորս տեսանյութերը АНТИТОПОР ալիքում, եթե գտնեք՝ դրանք դեռ 2013 թվականից են, ընդհանրապես կապ չունեն ադրբեջանցիների հետ։ Ես խոսքս ուղղում էի հայկական երիտասարդությանը ու պատմում, թե Հայաստանը ինչ հզոր պատմություն ունի, ինչպես է այն ներկայացված այլ արևելյան ժողովուրդների կողքին։
Պատմում էի հայկական պարերի, զգեստների, թագավորների, մշակույթի մասին։ Ես չէի ասում, թե կովկասցի լինելը վատ է։ Պարզապես ասում էի՝ մի վերցրեք օտարը, եթե ունեք ձեր սեփականը։ Օրինակ՝ այն ժամանակ Ռուսաստանում «մոդա» էր դարձել փողոցներում լեզգինկա պարել, վրացական տարազի մասեր հագնել։ Հայերն էլ էին դա անում։ Ես ասում էի՝ պարել կարելի է, գեղեցիկ է։ Բայց մի ասեք՝ հայկական է։ Որովհետև դա հայկական չէ։
Առաջին չորս թողարկումներն այդ թեմայի մասին էին։ Իսկ հետո տեսա, որ ունենք լուրջ խնդիր՝ հատկապես տեղեկատվական և գաղափարական ոլորտում։ Ադրբեջանի կողմից հնչում էին մեղադրանքներ՝ իբր հայերը գողանում են մշակույթ, պատմություն, արվեստ։ Ու ես սկսեցի տեսանյութեր պատրաստել՝ այդ մեղադրանքներն ապացույցներով հերքելով։ Այսպես էլ ստեղծվեց АНТИТОПОР ալիքը։
Ծիծաղելի է, բայց միայն 2016 թվականին, այսինքն՝ երեք տարի անց, իմացա, որ ինձ բլոգեր են կոչում։ Այդ բառը նույնիսկ չգիտեի։ Իսկ 2017-ին՝ չորս տարի անց, իմացա, որ բլոգերները կարող են գումար վաստակել, որ կարելի է ալիքը մոնետիզացնել։
Այս նախագծով Դուք միաժամանակ պատմում եք, վերլուծում, պայքարում։ Ի՞նչը հատկապես ուզում եք փոխանցել հանդիսատեսին։
Դե ինձ մոտ թեմաները շատ տարբեր են։ Եթե միայն մեկ թեմա լիներ, ավելի հեշտ կլիներ։ Իսկ հիմա թեմաները լրիվ տարբեր են՝ մշակույթից ու պատմությունից սկսած մինչև ճանապարհորդություններ ու քաղաքականություն։ Վերջին շրջանում այնպես է ստացվում, որ ստիպված եմ անդրադառնալ քաղաքական հարցերին։ Որովհետև, օրինակ, անհնար է խոսել Ադրբեջանի մասին և քաղաքականությանը չանրադառնալ, դա հասկանալի է։ Բայց ես միշտ փորձում եմ ամեն ինչ հավասարակշռել։ Որքան կարող եմ՝ վերլուծություն եմ անում, պատմում եմ պատմությունից ու մշակույթից, ոչ միայն հայերի, այլ նաև մեր տարածաշրջանի մյուս ժողովուրդների։
Բացի դրանից, ես հաճախ եմ լինում տարբեր երկրներում ու պատմում՝ ինչպես և ինչու են այնտեղ հայտնվել հայկական գաղութները։ Օրինակ, վերջերս Իրաքում էի։ Քչերը գիտեն, որ Իրաքի Քուրդիստանում ապրում են հայեր, որոնք արդեն 150 տարուց ավելի է՝ հայերեն չեն խոսում։ Նրանք խոսում են քրդերեն՝ կուրմանջի բարբառով։ Միակ բանը, որ պահպանել են՝ դա իրենց կրոնն է։ Մնացած ամեն ինչ վաղուց կորցրել են։ Հագնում են քրդական տարազ, ապրում են քրդերի նման, խոսում են քրդերեն։ Նրանց թաղում են քրդերի նման, միայն մի տարբերությամբ՝ նրանց մուսուլմանների ոճով շիրիմների վրա դրված է մի փոքրիկ խաչ։ Չորս տարի առաջ, նրանց գյուղում՝ Ավզրոգում (Իրաքյան Քուրդիստանի հյուսիսում), կառուցեցին հայկական եկեղեցի։ Քահանա եկավ Էջմիածնից ու սկսեց աստիճանաբար սովորեցնել նրանց՝ ինչպես է պետք աղոթել, ինչ ավանդույթներ ու մշակույթ ունի հայ ժողովուրդը։ Իրենք այնտեղ ապրում են արդեն 150 տարի՝ դեռևս ցեղասպանությունից առաջ են տեղափոխվել այդ տարածքներ։ Գյուղը փոքր է, գուցե 70 մարդ լինի, ոչ ավելի։ Բայց նման վայրեր քիչ չեն։
Օրինակ, Աֆրիկայում ես գտել եմ սևամորթ հայերի` Եթովպիայում։ Իմ մի տեսանյութում ցույց եմ տվել նրանց։ Նրանք խոսում են արևմտահայերեն։ Նրանք այն հայերի ժառանգներն են, ովքեր ժամանակին գնացել էին Եթովպիա, մկրտել էին տեղի բնակչությանը, մնացել այնտեղ, ամուսնացել տեղացիների հետ։ Ու նրանցից ծնվել են երեխաներ՝ Գրոմաճյաններ, Ղազարյաններ ու այլք։ Նրանք վաղուց սևամորթ են, բայց գնում են Ադիս Աբեբայի հայկական եկեղեցի։ Երիտասարդ սերունդ է, որը խոսում է արևմտահայերենով։
Եղե՞լ են պահեր, երբ մտածել եք՝ արժե՞ այս կամ այն թեման բարձրացնել, թե՞ ռիսկը մեծ է։
Օրինակ, եթե խոսենք հայկական քաղաքականության մասին։ Մի կողմից՝ ինձ դուր է գալիս, որ Հայաստանում որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, որ երկիրը նայում է դեպի Եվրոպա։ Դա ինձ հոգեհարազատ է, որովհետև իրոք շատ բան պետք է փոխել։ Բայց մյուս կողմից՝ տեսնում եմ, թե որքան սխալներ են արվում այդ ճանապարհին։ Ես արտահայտվում եմ այդ մասին՝ ու հենց այդտեղից էլ սկսվում են խնդիրները։ Հայ ժողովուրդը, ինչպես դուք էլ գիտեք, ծայրահեղությունների ժողովուրդ է։ Եթե ասում ես մի բան, որ կարող է դրական հնչել Փաշինյանի հասցեին՝ ուրեմն «Փաշինյանն է քեզ վճարում», եթե քննադատում ես՝ ուրեմն «Քոչարյանն է քեզ վճարում»։ Ոչ ոք անգամ չի մտածում, որ մարդը կարող է ունենալ իր սեփական կարծիքը՝ առանց որևէ մեկից գումար ստանալու։ Եվ երբ սկսվում են նման խոսակցությունները, ես ամեն անգամ ափսոսում եմ, որ ներգրավվել եմ այդ թեմայի մեջ։ Մտածում եմ՝ ինչի՞ս է պետք։ Թող ապրեն ինչպես ուզում են, թող անեն՝ ինչ ուզում են։ Ավելի լավ է՝ զբաղվեմ իմ գործով։
Բայց հետո մի բան է տեղի ունենում, ինչպես, օրինակ, վերջերս կատարված պատմությունը կաթողիկոսի և Փաշինյանի միջև, ու նորից սկսում եմ դողալ։ Մտածում եմ՝ չէ, այս անգամ պետք է կարծիքս ասեմ։ Բայց ահա ինչն է վատ․ երբ մեր ներքին խնդիրները բարձրաձայնում ենք ամբողջ աշխարհի առաջ, երբ հրապարակային իրար վրա հարձակվում ենք, մեր թշնամիներն են սկսում ուրախանալ։ Ծափահարում են, ժպտում են, ասում՝ «տեսեք, էլի վիճում են, իրար են ուտում»։ Ահա սա չէ ինձ դուր գալիս։
Եվ վերջում, համոզված եմ, որ տեղյակ եք նաև Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից։ Ուզում եմ լսել նաև Ձեր քաղաքական կարծիքը։
Ինչպես արդեն ասել եմ, ես կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղղություն է ընտրել՝ ուղի դեպի Եվրոպա։ Եվրոպան՝ դա գիտություն է, նոր բացահայտումներ, առաջընթաց։ Պետք է շարժվել առաջ։ Վատ է, երբ գնում ես հետ։ Բայց այդ ամենն անհրաժեշտ է անել շատ զգուշությամբ, որովհետև մեր շուրջը լիքն են գիշատիչները։ Այդ գիշատիչներն միայն սպասում են, որ հայերը Հայաստանի ներսում սկսեն իրար կրծել, իրար ոչնչացնել։ Դրան են ձգտում։ Ես ուզում եմ մաղթել, որ դա երբեք տեղի չունենա։ Որ հայ երիտասարդությունը ոչ մի դեպքում թույլ չտա ներհայկական բախումներ ու հաշվեհարդարներ։ Ամեն ինչ պետք է լուծվի օրինական ճանապարհով։
Չե՞ք սիրում Փաշինյանին։ Ուրեմն պետք է գնալ ընտրությունների և բացառել նրան ցուցակից։ Սիրու՞մ եք` քվեարկեք։ Ամեն ինչ պարզ է։ Ինչ վերաբերում է կրոնին, այստեղ ժողովուրդը շատ բան փոխել չի կարող։ Եկեղեցին անջատ է պետությունից, կաթողիկոսին ժողովուրդը չի ընտրում՝ դա Սուրբ Սինոդի գործն է։ Այնպես որ, ամենակարևորը, ինչ մնում է հայ ժողովրդին, հատկապես երիտասարդներին, խաղաղությունն ու սառնասրտությունն է։ Ոչ մի դեպքում չպետք է առիթ տալ, որ այդ գիշատիչները հայ ժողովրդին դարձնեն ծաղրի առարկա։
Ահա սա եմ ես անկեղծորեն մաղթում ձեզ բոլորիդ։