ՀայաստանՔաղաքականություն

Ի՞նչն է խանգարում Երևանին ու Բաքվին վերջնական համաձայնության գալ․ Փաշինյանը պարզաբանել է

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում առաջընթացը դեռ տեսանելի չէ։ Սրա մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում։ Նրա խոսքով՝ հիմնական խոչընդոտը կողմերի միջև եղած խոր անվստահությունն է։ Այն շարունակվում է նույնիսկ փաստաթղթերի համաձայնեցումից հետո։

Վարչապետի խոսքով՝ ներկայում ընթանում են խորհրդակցություններ Ադրբեջանի հետ՝ գործողությունների հաջորդականության վերաբերյալ ընդհանուր պատկերացում ձևավորելու համար, սակայն այս փուլում պաշտոնական դիրքորոշումները դեռ չեն համընկնում։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պայմանագիր ստորագրելու երկու նախապայման է առաջադրել՝

— ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարում,
— Հայաստանի Սահմանադրության փոփոխություն։

Երևանն այս պահանջներն ընդունելի չի համարում, սակայն չի էլ հրաժարվում բանակցային գործընթացից։ Փաշինյանը շեշտել է, որ նույնիսկ եթե պայմանագիրը ստորագրվի, առանց վստահության այն չի կարող ունենալ իրական ազդեցություն։

Արձանագրենք՝ խաղաղության փաստաթղթի շուրջ աշխատանքները սկսվել են դեռ 2022 թվականին։ Երեք տարվա ընթացքում կողմերն իրար են փոխանցել տասից ավելի առաջարկների փաթեթներ։ 2025-ի մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ պայմանագրի տեքստը համաձայնեցվել է։ Բայց ստորագրումը մնում է օդում կախված՝ քաղաքական վստահության պայմաններից։ Նախորդ տարվա նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, նշել էր, որ կարող է Հայաստանը կազմակերել անխոչընդոտ անցում Ադրբեջանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ։

Փաշինյանը հիշեցրեց նաև, որ Աբու Դաբիում կայացած բանակցությունները ևս նպատակ ունեին այդ անվստահությունը հաղթահարել։ Չնայած իշխանությունը հայտարարում է, որ Սահմանադրության փոփոխությունը անընդունելի պահանջ է, այնուամենայնիվ, ներկայումս նոր Սահմանադրություն է մշակվում Հայաստանի համար։ Սակայն մի շարք փակագծեր դեռևս չեն բացվում։