
Իսրայելը այժմ էլ Թուրքիայի «պոչն է տրորում»․ թիրախում Սիրիան է
Իսրայելը օդային հարված է հասցրել Սիրիայի նախագահական պալատին՝ Դամասկոսում։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ դրանից առաջ Իսրայելը հարվածել էր նաև Դամասկոսի կենտրոնում գտնվող պաշտպանության նախարարության շենքին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ լրացուցիչ զորքեր է տեղակայել Սիրիայի հարևան շրջաններում՝ նախազգուշացնելով, որ հարվածները կշարունակվեն, եթե Սիրիան չհանի իր ուժերը երկրի հարավից։ Այդ տարածքում վերջին օրերին բախումներ են սկսվել դրուզ փոքրամասնության և կառավարական ուժերի միջև։
Իսրայելի կողմը պնդում է, որ ռազմական գործողությունների նպատակն է պաշտպանել Սիրիայի դրուզ բնակչությանը և կանխել Դամասկոսի ռազմական ամրապնդումը սահմանային հատվածներում։
Միաժամանակ, Սիրիայի հարցերով ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Թոմ Բարաքը կողմերին կոչ է արել հետ քաշվել և բռնության հետագա տարածումը կանխելու համար երկխոսություն սկսել։
Իսրայելի սահմանային անվտանգության իրավիճակն էլ ավելի է լարվել, երբ երկրի դրուզ համայնքի ներկայացուցիչները փորձել են հատել Սիրիայի հետ սահմանը՝ օգնություն ցուցաբերելու Սիրիայի հարավում գտնվող դրուզ համայնքներին, որոնք ենթարկվում են զինված հարձակումների։
Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ արձանագրել է երկրի քաղաքացիների կողմից Սիրիայի սահմանն ապօրինի հատելու փորձեր և այժմ ջանում է վերադարձնել արդեն ներթափանցած անձանց։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին հարձակումներ էին իրականացվել Սիրիայի Սուվեյդա նահանգի մի շարք դրուզաբնակ գյուղերի վրա։ Արդյունքում փակվել էր Դամասկոսը Սուվեյդայի հետ կապող մայրուղին։ Դրուզական ինքնապաշտպանական ջոկատների և զինյալ խմբավորումների միջև բախումների հետևանքով կան զոհեր, վիրավորներ և գերիներ։ Մարտերը շարունակվում են։
Հարկ է նշել, որ Սիրիայում Ասադի վարչակազմի տապալումից 4 ամիս անց երկիրը փաստացի առաջնորդող Ահմեդ ալ-Շարաան նոր, անցումային կառավարություն է ձևավորել։ Նրանք իշխանության են եկել Թուրքիայի աջակցությամբ։