
Փաշինյանը հայտարարում է՝ Արցախի ներկայացուցչության շենքը պետք է պատկանի ՀՀ-ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Երևանում գտնվող Արցախի մշտական ներկայացուցչության շենքը պետք է պատկանի Հայաստանի Հանրապետությանը։ Նրա խոսքով՝ ՀՀ տարածքում «երկրորդ պետության» գոյության որևէ փորձ չի կարող ընդունելի լինել։
Չեմ էլ ուզում սեթևեթեմ ու ուղիղ ասել եմ, որ չեմ կարող թույլ տալ, որ ՀՀ-ի մեջ երկրորդ պետություն լինի։ Ժամանակին ասել եմ և հույս եմ ունեցել, որ կընկալվի այս ուղերձը։ Մեկ, երկու, երեք… բայց պետությունը պետք է քայլեր ձեռնարկիk,– ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետը համատեքստում անդրադարձել է նաև Հայ առաքելական եկեղեցու դերին՝ հայտարարելով, թե արտաքին ուժերը չեն կարող այն օգտագործել ՀՀ-ի դեմ։ Այս դեպքում էլ կկիրառվեն «կտրուկ, բայց օրինական գործողություններ»։
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հուլիսի 16-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց 17Ա հասցեում գտնվող շենքի՝ Լեռնային Ղարաբաղի կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Նշենք, որ այս տարվա ապրիլին արդեն հայտնի էր դարձել, որ Արցախի կառավարության մի շարք գույքեր, այդ թվում ներկայացուցչության շենքը, փոխանցվել են ՀՀ կառավարության տնօրինությանը։ Այս փոփոխությունները հնարավոր դարձան Ազգային ժողովի կողմից օրենքում կատարված լրացումներով, որոնք թույլ են տալիս ԼՂ-ում գրանցված կազմակերպություններին մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը վերագրանցվել ՀՀ-ում և շարունակել գործունեությունը։
Ավելի վաղ՝ 2024 թվականի սեպտեմբերի 9-ին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, որ Արցախի ներկայացուցիչները պետք է լքեն այդ շենքը։