ՀայաստանՍոցիալական

Հայաստանում բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Հուլիսի 24-ին՝ ժամը 07:00-ից, մինչև հուլիսի 26-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մուտքը Վրաստանի տարածքով։ Այդ ժամանակահատվածում վրացական «Հյուսիսային Կովկաս–Հարավ» մայր գազատարի Կազախ-Սագուրամո հատվածում կիրականացվեն վթարավերականգնողական աշխատանքներ։ Տեղեկությունը հայտնել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։

Չնայած Վրաստանի տարածքում գազամատակարարման ժամանակավոր դադարեցմանը՝ Հայաստանի սպառողներին բնական գազի մատակարարումը կշարունակվի առանց սահմանափակումների։ Ընկերությունը վստահեցրել է, որ գազամատակարարման շարունակականությունն ապահովվում է երկրի ներքին պահուստների, ինչպես նաև Իրանից ներկրվող գազի հաշվին։

Այսօր արդեն սովորական է դարձել, որ նմանատիպ տեխնիկական աշխատանքները պարբերաբար խաթարում են Հայաստան ներմուծվող գազի հիմնական ճանապարհը։ Հայկական կողմը մի քանի անգամ նշել է, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման ուղիները, սակայն ներկայումս գազամատակարարման հիմնական աղբյուրը մնում է Ռուսաստանը՝ վրացական տարածքով անցնող գազատարով։

Նախկինում ևս եղել են նմանատիպ դադարեցումներ՝ կապված հիմնականում տեխնիկական խնդիրների կամ պլանային վերանորոգումների հետ, սակայն վերջին շրջանում քաղաքական վերլուծաբանների մոտ հնչում են նաև դիտարկումներ այն մասին, որ Ռուսաստանը երբեմն անուղղակի ազդեցություն է գործադրում Հայաստանի էներգետիկ կայունության վրա՝ Վրաստանի տարածքը օգտագործելով որպես ճնշման լծակ։ Միևնույն ժամանակ, վրացական կողմը պնդում է, որ բոլոր գործողությունները կատարվում են տեխնիկական անհրաժեշտությունից ելնելով, և որևէ քաղաքական ենթատեքստ չկա։

Հայաստանում տնտեսագետները կարևորում են Իրանից ներմուծվող գազի դերը նմանատիպ իրավիճակներում։ Իրանը շարունակում է ապահովել կայուն մատակարարումներ էներգակիրների ոլորտում, ինչը երկրի համար ռազմավարական նշանակություն ունի՝ հատկապես ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից։

Սեդա Մարտոյան