ԱշխարհՀայաստանՊատահար

BOLD ընկերությունում տեղի է ունեցել Հայաստանից 382 անձի տվյալների արտահոսք

BOLD LLC ընկերությունում տեղի է ունեցել անձնական տվյալների արտահոսք, որի մասին ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը։ Bold.com հարթակը հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել և պահպանել ռեզյումեներ, և արտահոսած տվյալները հենց այդ ձևաթղթերին են առնչվում։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն դրա հայտնաբերումն իրականացվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Ընկերության փոխանցմամբ՝ արտահոսած տվյալները ստատիկ ֆայլեր են և մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։

Այնուամենայնիվ, արտահոսած ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել զգայուն անձնական տվյալներ, ներառյալ՝ օգտատերերի նույնացուցիչներ, կոնտակտային տվյալներ, կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ։

Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ արտահոսքը վերաբերում է Հայաստանից 382 անձի տվյալների։

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը զգուշացնում է՝ հաշվի առնելով տվյալների հնարավոր շահարկման ռիսկերը, օգտատերերին խորհուրդ է տրվում վերանայել իրենց տվյալները Bold.com հարթակում, պահպանել զգոնություն և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ անձնական տվյալների պաշտպանությունը երաշխավորելու համար։

Սեդա Մարտոյան