ՀայաստանՔաղաքականություն

Ինչի՞ համար են մեղադրվում նախկին նախարարները

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կանգնել են արդարադատության առաջ։ Նրանց, ինչպես նաև ևս չորս անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և այն արդեն ուղարկվել է դատախազություն՝ դատարան ներկայացնելու նպատակով։

Ըստ Քննչական կոմիտեի՝ այս գործի կենտրոնում է Սևանա լճի ափին գտնվող ավելի քան մեկ հեկտար տարածք ու մեկ առանձնատուն։ Քննչական մարմնի վարկածով՝ այդ հողամասը, որը պատկանում է պետական «Սևան ազգային պարկին», տարիներ շարունակ անօրինաբար զբաղեցրել է Սեյրան Օհանյանը։ Նա մեղադրվում է պաշտոնական դիրքը ծառայողական շահերին հակառակ օգտագործելու, կաշառք ստանալու, փողերի լվացման և ունեցվածքի թաքցման համար։

Ըստ նախաքննության՝ առանձնատան շինարարությունը կազմակերպվել է ՊՆ շինարարական վարչության միջոցով՝ նախարարի հստակ հանձնարարությամբ։ Տունը կառուցվել է պաշտպանական բյուջեի միջոցներով՝ ներգրավելով պաշտպանության նախարարության գնումներին մասնակցող շինարարական ընկերություններ։ Ավելին՝ շինությունը տարիներ շարունակ պահպանել են ռազմական ոստիկանության աշխատակիցները, որոնց աշխատավարձը վճարվել է պետբյուջեից։ Ընդհանուր վնասը՝ ավելի քան 13 միլիոն դրամ։

Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ որպես բնապահպանության նախարար և Սևան ազգային պարկի կառավարման խորհրդի փոխնախագահ, աչք է փակել այս ամենի վրա։ Այն հնարավորություն է տվել օրինականացնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնատունը։

Գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ՊՆ շինարարության վարչության նախկին պետ Աշոտ Գրիգորյանին՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ևս մի քանի անձի՝ այդ գործընթացներին օժանդակելու և փողերի լվացման մասնակցելու համար։