ՀայաստանՍնունդ

«Լաստ Պանրատուն»  ընկերությունում հայտնաբերվել է ավելի քան 200 կգ վտանգավոր կաթնամթերք

Երևանի Խորենացի փողոցում՝ ԳՈՒՄ-ի շուկայի հարևանությամբ գտնվող «Լաստ Պանրատուն» իրացման կետում հայտնաբերվել է ավելի քան 200 կգ կաթնամթերք, որը չէր համապատասխանում անվտանգության պահանջներին։ Ստուգումն իրականացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը՝ քաղաքացու ահազանգի հիման վրա։

ՍԱՏՄ տեսուչները տեղում արձանագրել են մի շարք սանիտարահիգիենիկ խախտումներ։ Մասնավորապես, պանրատան պահեստային տարածքը՝ հատակով, պատերով, առաստաղով ու դռներով, չէր պահվում մաքուր և պատշաճ վիճակում։ Պանիրների պահման տարաներն ու դարակաշարերը պատրաստված չէին համապատասխան հիգիենիկ նյութերից։ Բացի այդ, կաթնամթերքը պահվել էր մանրէների բազմացումը բացառող ջերմաստիճանի ռեժիմը խախտելով, իսկ որոշ ապրանքներ՝ ընդհանրապես հատակին տեղադրված վիճակում։

Հայտնաբերված պանրի տեսակները, ինչպես նաև ձուն, հալած յուղը, կաթի սերը, կարագը և կաթնաշոռը չունեին անվտանգությունը հավաստող փաստաթղթեր և մակնշումներ, իսկ փաթեթների կամ տարաների վրա բացակայում էր պիտանիության ժամկետի վերաբերյալ որևէ տեղեկություն։ Անտեսվել էին նաև կենդանիների մուտքը պահեստային հատված կանխելու և վնասատուների դեմ պայքարելու հիմնական միջոցառումները։

Բացի սանիտարական պայմանների խախտումներից, ստուգմամբ պարզվել է նաև, որ պանրատան աշխատակիցները չեն անցել պարտադիր բժշկական զննություն և սանիտարական գրքույկներ չեն ունեցել։ Նրանք չունեին համապատասխան հանդերձանք, իսկ հաստատությունում առկա չէր նախատեսված հանդերձարան։

ՍԱՏՄ տեսուչները տնտեսավարողին պարտավորեցրել են սահմանված ժամկետում վերացնել բոլոր խախտումները։ Տրվել է նաև կարգադրագիր՝ արգելելու վտանգավոր սննդամթերքի վաճառքը, այն հետ կանչելու շուկայից և ոչնչացնելու նպատակով ստեղծելու միջգերատեսչական հանձնաժողով։

Քանի որ ապրանքների վրա չկային մակնշումներ, իսկ ծագման վերաբերյալ միայն առկա էր տնտեսավարողի գրավոր հայտարարությունը, ՍԱՏՄ-ն նախատեսում է ստուգումներ իրականացնել նաև այն արտադրող կազմակերպություններում, որոնք մատակարարել են տվյալ կաթնամթերքը։

Սեդա Մարտոյան