ՀայաստանՊատահար

Կանխվել է Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստված փորձը

Քննչական կոմիտեն, հիմք ընդունելով Ազգային անվտանգության ծառայության փոխանցած օպերատիվ տվյալները, բացահայտել է Արամ Սարգսյանի սպանության նախապատրաստման դեպքը և կանխել հանցագործության իրականացումը։ 

Նախաքննությամբ պարզվել է, որ մի տղամարդ 2025 թվականի հուլիսին դիտավորությամբ նախապատրաստել է Արամ Սարգսյանին կյանքից զրկելու գործողությունը։ Այդ նպատակով նա ապօրինաբար ձեռք է բերել մեկ միավոր գործարանային արտադրության «Ֆ-1» տեսակի մարտական ձեռքի նռնակ՝ «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչով, որը պահել է իր բնակարանում։

Չկարողանալով պարզել Արամ Սարգսյանի բնակության հասցեն՝ նա բազմիցս այցելել է վերջինիս գրասենյակ, հետևել տարածքին, ուսումնասիրել մուտքերն ու ելքերը։ Սակայն նա չի կարողացել իր դիտավորությունը կյանքի կոչել, քանի որ Արամ Սարգսյանին այդ օրերին չի հաջողվել հանդիպել։

ԱԱԾ-ի և Քննչական կոմիտեի համատեղ գործողությունների արդյունքում կատարվել է խուզարկություն, որի ժամանակ նրա բնակարանում հայտնաբերվել և առգրավվել է մարտական նռնակը։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել սպանության նախապատրաստման (ՀՀ ՔՕ 43-155-րդ հոդվածի 1-ին մաս) և ռազմամթերքի ապօրինի ձեռքբերման ու պահման (ՀՀ ՔՕ 335-րդ հոդվածի 1-ին մաս) համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանք։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։

Սեդա Մարտոյան