ՀայաստանՍոցիալական

Նախկին «Մանկական աշխարհի» տարածքը կվերադարձվի Երևանին

Երևանի կենտրոնում՝ Արամի 32 հասցեում գտնվող շուրջ 2,800 քմ մակերեսով հողամասը, որն ավելի քան երեք տարի չէր օգտագործվում ըստ նշանակության, կվերադարձվի համայնքի սեփականությանը։ Հակակոռուպցիոն դատարանը որոշել է դադարեցնել «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականության իրավունքը՝ բավարարելով ՀՀ գլխավոր դատախազության հայցը։

Խոսքը նախկին «Մանկական աշխարհի» տարածքի մի հատվածի մասին է, որի շուկայական արժեքը մոտենում է 1 միլիարդ դրամի։ Դատարանը պարզել է, որ հողամասն օտարվել է կառուցապատման համար, սակայն սեփականատերը չի իրականացրել կառուցապատման աշխատանքներ, կառուցապատման համար տրամադրված հողամասը երեք տարուց ավելի չի օգտագործել և չի օգտագործում հողամասի օտարման նպատակին համապատասխան:

Դեռևս 2023 թվականին Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ 2001 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանի քաղաքապետի և «Սոգլասիե-Արմենիա» ընկերության միջև օրենքի խախտմամբ կնքվել է նշված տարածքում գտնվող՝ 6 198 քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ 99 տարի ժամկետով: 2002 թվականին այն արդե դարձել է «Սոգլասիե-Արմենիա» ընկերության սեփականությունը։ Հարկ է նշել, որ այդ շրջանում Երևանի քաղաքապետ է եղել Ռոբերտ Նազարյանը։

Բացի այս գործից, դատախազությունը պահանջում է նաև վերադարձնել ամբողջ շենքն ու կից հողերը։ Այդ գույքերին արդեն արգելանք է դրված։

Նշենք, որ «Սոգլասիե-Արմենիա»-ն հիմնվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից։