ԱշխարհԱրցախՍոցիալական

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցնում է գործունեությունը Ադրբեջանում. Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն անորոշ է

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) սեպտեմբերի սկզբին կդադարեցնի գործունեությունը Ադրբեջանում։ Այս մասին հայտարարել է երկրում ԿԽՄԿ ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ժամանակ։

Չնայած Կոիչը նշել է, որ ԿԽՄԿ-ն մտադիր է համագործակցությունը շարունակել Ժնևում գտնվող կենտրոնակայանի միջոցով, սակայն այս զարգացումն առաջացնում է մտահոգություն Բաքվում պահվող հայ գերիների ճակատագրի վերաբերյալ։

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին ավելի վաղ հայտնել էր, որ կազմակերպության աշխատակիցներն Ադրբեջանի բանտերում պահվող հայերին վերջին անգամ այցելել են հունիսին, իսկ հուլիսին այցելություններ չեն եղել։

Հաշվի առնելով, որ ԿԽՄԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն էր, որը կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, նրանց գործունեության դադարեցումը հարցականի տակ է դնում վերջիններիս անվտանգության, առողջական վիճակի և հիմնարար իրավունքների պաշտպանությունը։

Մինչ ԿԽՄԿ-ն խոսում է «բարենպաստ համագործակցության» և «առաջարկված աջակցության» մասին, հստակ չի ներկայացվում, թե ինչ մեխանիզմներ կամ երաշխիքներ կգործեն գերիների վիճակի մշտադիտարկման և նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ։