
Լարսում բեռնատարների հսկա հերթեր են՝ ավելի քան 1000 հայկական մեքենա կանգնած է սահմանին
Հայ վարորդների համար Վերին Լարսի անցակետը կրկին փակ է։ Այս օրերին հազարավոր տրանսպորտային միջոցներ են կուտակվել Ռուսաստանի և Վրաստանի սահմանային անցակետում՝ հերթի իրենց հերթը սպասելով երբեմն մինչև 15 ժամ։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Լարսը հատելու համար շուրջ 2900 մեքենա է հերթագրվել, որոնցից ավելի քան 1000-ը՝ հայկական բեռնատարներ։ Այդ թիվը վերջին տարիների համեմատ ակնհայտորեն բարձր է։ Այն ոչ միայն խաթարում է արտահանման ընթացքը, այլ նաև խոչընդոտում է մարդատար և զբոսաշրջային շարժը։
Վիճակը բարդացրել է Ռուսաստանից Վրաստան և Հայաստան ուղևորվող քաղաքացիների մեծ հոսքը, որոնք արձակուրդներն անցկացնելը որոշել են հենց հարավային ուղղությամբ։ Այս մեծ ծանրաբեռնվածությունը սահմանային անցակետում հանգեցրել է լուրջ խցանումների։
Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետը (Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղի) Հայաստանի համար Ռուսաստանի հետ ցամաքային միակ գործող կապն է, ուստի նման ծանրաբեռնվածությունն անմիջապես ազդում է տնտեսության վրա՝ հատկապես արտաքին առևտրի, արտահանման և բեռնափոխադրումների կազմակերպման տեսանկյունից։
Հայ վարորդները, որոնց մեծ մասն արդեն օրեր շարունակ կանգնած է ճանապարհին՝ առանց հստակ տեղեկատվության, բարձրաձայնում են՝ անհրաժեշտ է պետությունների միջև համակարգված և արագ արձագանքող մեխանիզմ, որպեսզի նման իրավիճակները չկրկնվեն հատկապես ակտիվ սեզոններին։